«Բոլոր մուսուլմանները ահաբեկիչ չեն և բոլոր ահաբեկիչները մուսուլմաններ չեն». Սարգիս Գրիգորյան
Արաբագետներ Հայկ Քոչարյանն ու Սարգիս Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին իսլամիստ ծայրահեղականների կողմից իրականացված վերջին ահաբեկչությունների մասին:
«Վերջին դեպքերը կապել միայն իսլամի հետ՝ նշանակում է չտեսնել խնդրի մյուս բաղադրիչները: Այս խնդիրը պետք է նայել լայն կոնտեքստում: Ըստ պաշտոնական վարկածի՝ ահաբեկչություն իրականացնողները մուսուլմաններ էին, բայց պետք է զգույշ լինել, որպեսզի չնպաստենք հակաիսլամական տրամադրությունների լարմանն ու սրմանը»,- ասաց Հայկ Քոչարյանը:
Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ ո՛չ իսլամական պետությունը, ո՛չ Ալ-Քաիդան կանգնած չեն այս ամենի հետևում. «Այս ամենի հետևում տեսնում եմ կոնկրետ այդ մի քանի իսլամականների ինքնուրույն գործելաոճը: Նրանք են որոշել՝ գնալ նման բռնարարքների, թերևս փորձել են նաև ազդեցիկություն ավելացնել և շրջանառում են այդ կառույցների անունները:
Ականատեսների վկայությամբ` նրանք հայտարարել են, որ ներկայացնում են Ալ Քաիդա կառույցի Արաբական թերակղզու ճյուղը: Այդ օրերին տեսագրություն տարածվեց, որտեղ երրորդ ահաբեկիչը հավատարմության երդում էր տալիս Իսլամական պետությանն ու նրա խալիֆին: Սա հնչեղություն ապահովելու ֆոն էր տալիս բռնարարքին: Եղած ինֆորմացիան վկայում է, որ նրանք ինքնուրույն են գործել: Նրանք կարող են լինել գաղափարակիցներ, բայց չանդամակցել այդ կառույցներին»:
Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ ծայրահեղ իսլամականները մուսուլմանների մի խումբ են, որոնք փորձում են իրենց գաղափարներն ի կատար ածել արմատական միջոցներով. «Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայում, այն մուսուլմանները, որոնք ինտեգրվել են այդ հասարակությանը՝ շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան այն ծայրահեղականները, որոնք փորձում են արմատական միջոցներով հասնել իրենց նպատակների իրագործմանը: Այդ դժգոհ մասսայից դեպի ահաբեկչություն, փաստորեն, կես քայլ է: Բոլոր մուսուլմանները ահաբեկիչ չեն և բոլոր ահաբեկիչները մուսուլմաններ չեն»: