Դոնբասի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 4808-ի. ՄԱԿ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության զոհերի թիվը նախորդ տարվա ապրիլից կազմել է առնվազն 4808 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության կիրակնօրյա հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ 2014 թվականի ապրիլի կեսերից մինչև 2015 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 4808 մարդ՝ ներառյալ մալայզիական Boeing-ում գտնվածները: Բացի այդ, վիրավորվել է 10.468 մարդ:
ՄԱԿ-ն ընդգծել է, որ հարկադիր վերաբնակների թիվը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ: Նրանցից 634.000-ը ներքին տեղահանվածներ են, ևս 594.000-ը փախել են հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան:
Զեկույցում նշված է, որ ռազմական գործողությունների գոտում շարունակում է մնալ մոտ 5.2 միլիոն մարդ, ընդ որում՝ 1.4 միլիոնը գտնվում են չափազանց խոցելի դրության մեջ և ունեն հումանիտար օգնության կարիք: