Մադուրոն ու Ռոուհանին քննարկել են նավթի համաշխարհային գների անկման հարցը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է նավթի համաշխարհային գների անկման հարցը:
Վենեսուելայի նախագահը մեկօրյա պաշտոնական այցով Թեհրան է ժամանել կառավարության մի շարք անդամների, այդ թվում նաև արտգործնախարարի, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների ուղեկցությամբ:
Նավթի համաշխարհային գներից բացի, Մադուրոն ու Ռոուհանին հանդիպման ժամանակ քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք այլ հարցեր: Մադուրոն բանակցություններ է վարել նաև Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանի հետ:
Իրանն ու Վենեսուելան մտնում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության մեջ և հանդես են գալիս Սաուդյան Արաբիայի քաղաքականության դեմ, ով հրաժարվում է կրճատել նավթի արդյունահանման ծավալը, որպեսզի նավթի գինն աճի համաշխարհային շուկայում: