Դատական հայց՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն կրկին «Էներգոկոր» ընկերությունն է, որն անցած տարի հոկտեմբերին արդեն մեկ անգամ դիմել էր դատարան նույն պահանջով:
2014թ. նոյեմբերի 3-ին, հիշեցնենք, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արա Կուբանյան) գործի վարույթը կարճել էր՝ «Էներգոկոր» ընկերության դիմումի համաձայն։ Նախքան դա ընկերության տնօրեն Հայկ Արաբյանը 168.am-ին ասել էր, որ «Էներգոկորը» ջերմամեկուսացման աշխատանքներ է իրականացրել «Նաիրիտում» մինչև 2010 թվականը և մինչ օրս չի կարողանում ստանալ վճարը: Նա նշել էր, որ թեև հայցն ընդունվել էր վարույթ, ընկերությունը բանակցում էր գործարանի հետ և, ամենայն հավանականությամբ, պետք է հաշտության պայմանագիր կնքվեր, ժամանակացույց կազմվեր՝ պարտքը մարելու համար:
Ըստ ամենայնի, պարտքը մարելու ժամանակացույցը կազմվել էր, սակայն չի իրականացվել: Եվ ահա անցած տարվա դեկտեմբերի 1-ին «Էներգոկորը» կրկին հայց է ներկայացրել «Նաիրիտի» դեմ: Գործարանի պարտքը ընկերության հանդեպ մոտ 37.5 մլն դրամ է: Դատական առաջին նիստը, կրկին դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, նշանակված է առաջիկա երկուշաբթի՝ հունվարի 12-ին: