«ՀԱԿ-ն իր աստղային ժամը կորցրել է. նրանք վախենում են, որ ամսի 20-ի հավաքին շարժման լիդեր կարող է նշանակվել Ծառուկյանը». Տիգրան Կարապետյան

«Դե դա իր գործն է, ի՞նչ ասեմ, ուրեմն՝ այն ժամանակ թող չասեին՝ համաժողովրդական շարժում, որովհետև համաժողովրդական շարժումն իր մեջ պարունակում է  բոլոր ուժերին, եթե իրենք ասում են՝ համաժողովրդական շարժում, ու հետո ասում են, որ մենք մեկի կամ երկրորդի կամ երրորդի հետ չենք ուզում, դա, ուրեմն, համաժողովրդական շարժում չէ»,-168.am-ի հետ զրույցում խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության  մասին, թե ինքը և ՀԱԿ-ը հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովին չեն մասնակցելու, քանի որ իրեն վայել չէ նույն շարքում նստել  Գառնիկ Իսագուլյանի, Տիգրան Կարապետյանի կամ Արամ Հարությունյանի հետ,  նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Ըստ Տ. Կարապետյանի՝ ՀԱԿ-ն այնպիսի ուժ չէ, որ միայնակ կարողանա որևէ բան փոխել. «Իրենք միշտ ասում էին՝ համաժողովրդական շարժում, միշտ ասում էին՝ 27 կուսակցություն, չգիտեմ՝ քանի կուսակցություն… բա ինչո՞ւ եք այդ կուսակցություններից խուսափում: Չեմ հասկանում այդ տրամաբանությունը՝ վայել է, վայել չէ»:

Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խորհրդի անդամների հետ նախաամանորյա հանդիպման ժամանակ  Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր նաև, որ եթե անգամ եռյակի իրենց մյուս գործընկերները որոշում չկայացնեն կամ փորձեն հրաժարվել համատեղ իշխանափոխություն իրականացնելու սցենարից, ապա ՀԱԿ-ը պատրաստ է միայնակ գործել:

Սակայն Տ. Կարապետյանը չի կարծում, որ ՀԱԿ-ը միայնակ կարող է հաջողության հասնել, քանի որ, ըստ նրա՝ «ՀԱԿ-ն իր աստղային ժամը կորցրել է». «Բացի այդ՝ պարզ է, որ իրենք չեն ուզում իշխանափոխություն, որովհետև եթե իշխանափոխություն ես անում, ապա բոլոր ուժերն են պիտանի, ոչ միայն սեփական ներուժը: Իրենք համարում են, որ միայն իրենք են ընդդիմադիր, ուրիշ ընդդիմադիր չկա»:

ՀԱԿ առաջնորդը նաև նշել էր, որ եթե ԲՀԿ-ն հաստատուն կանգներ, և հանրահավաքները շարունակեին, ապա արդեն նոր իշխանություն կունենայինք: Սրա վերաբերյալ Տ. Կարապետյանը նախ՝ նշեց, որ հանրահավաքները, այսպես թե այնպես, շարունակվելու են.

«Թող Լևոն Տեր-Պետրոսյանը մտածի այն մասին, որ 350 հազար մարդ հավաքվեց, ինքը ոչինչ չկարողացավ անել, Մարտի 1-ը եղավ, ոչինչ չկարողացավ անել, թող ինքն իր մեղքերը քավի, ոչ թե ուրիշին մեղադրի: Խնդիրն այն է, որ ամսի 20-ի հավաքին պետք է հարց դրվի առաջնորդի ընտրելու մասին. ահա թե ինչից են իրենք վախենում, որովհետև ռեալ առաջնորդը Ծառուկյանն է»:

Տեսանյութեր

Լրահոս