
Ցուկերբերգը պատմել է տարիներ առաջ պակիստանցի ծայրահեղականից ստացած սպառնալիքների մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նախկինում սպառնալիքներ է ստացել ոմն պակիստանցի ահաբեկչից՝ վերջինիս կարծիքով Մուհամմեդ մարգարեին վիրավորող գրառումները չարգելելու համար: Ցուկերբերգն այդ մասին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
Ցուկերբերգը մանրամասնել է, որ դա տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ պակիստանցի ծայրահեղականը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր հետ՝ վիրավորական այդ գրառումներն արգելելուց հրաժարվելու համար: Պակիստանցի ծայրահեղականը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել այդ գրառումներն արգելափակելուց հրաժարվելը:
Ցուկերբերգը կարծում է, որ սոցցանցը ավելի հետաքրքիր է դառնում տարբեր կողմերի կարծիքների արտահայտման ժամանակ: Նա ընդգծել է, որ սոցցանցը պահպանում է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունը, ուր նա գործում է, և որ որևէ երկիր ու մարդկանց որևէ խումբ չի կարող իր կանոնները տարածել ողջ աշխարհի վրա: Ցուկերբերգն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայում գրանցված ահաբեկչության զոհերի ընտանիքներին: