
Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմական վիճակում. Ֆրանսիայի վարչապետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ անձինք պատանդներ են վերցրել մի քանի մարդու: Ոստիկանությունը բանակցություններ է սկսել այդ մարդկանց պատանդ վերցրած երկու տղամարդու հետ:
Դրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում ավտոճանապարհներին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Որոշակի տվյալներով վիրավորվել է ևս առնվազն 20 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենայում, որից արձակվել են կրակոցները, կարող են գտնվել ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի գրասենյակի վրա հարձակում գործած Շերիֆ ու Սայիդ Կուաշի եղբայրները: Կասկածյալներին ձերբակալելու գործողություն է իրականացվում նաև Փարիզի օդանավակայանի տարածքում:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարող են մտցվել անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ. «Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմական վիճակում: Մենք չենք պատերազմում կրոնի դեմ, քաղաքակրթության դեմ»: