
ԵՄ-ը փետրվարի 12-ին կգումարի հակաահաբեկչական գագաթաժողով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը փետրվարի 12-ին պլանավորում է գումարել հակաահաբեկչական գագաթաժողով: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա ընդգծել է, որ համապատասխան պայմանավորվածության է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Գագաթաժողովի անցկացումը կապված է հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Ընդգծվում է, որ լիբանանյան հետախուզությունը նախապես հայտնել էր, որ իսլամական խմբավորումներն ահաբեկչություններ են պատրաստում Ֆրանսիայում: Լիբանանյան հետախուզությունը կոչ է արել ուժեղացնել արևմտյան երկրներում Լիբանանի դեսպանատների անվտանգությունը: