2015 թվականի հունվարին Ռուսաստանում աշխատանքային ներգաղթյալների թիվը նվազել է 70 տոկոսով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարին Ռուսաստանում աշխատանքային ներգաղթյալների թիվը նվազել է 70 տոկոսով՝ համեմատած նաախորդ տարվա տվյալների հետ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին.
«Ներգաղթյալների թիվը կրճատվում է երկրում: Գործոններից մեկը տնտեսությունն է, իսկ մյուսը՝ Ռուսաստանում նրանց մնալու կարգը: Ներգաղթյալները տեսել են այն իրական պատիժը, որին նրանք կարող են ենթարկվել մեր երկրում մնալու ռեժիմը խախտելու համար:
Կրճատվել է Միջին Ասիայի բոլոր երկրներից ժամանողների թիվը՝ բացառությամբ Ղրղզստանի: Որոշակի առումով ներկայումս նրանց փոխարինում են ուկրաինացիներն ու մոլդովացիները: Բացի այդ, մենք ֆիքսում ենք Չինաստանից, Հարավային Կորեայից ու ԿԺԴՀ-ից ժամանողների աճ՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշների հետ»:
Ռոմոդանովսկին հայտարարել է, որ ներգաղթյալների շուրջ տիրող իրավիճակի մասին կարծիք հայտնելը դեռ վաղ է, և որ դրա ժամանակը կգա 2-3 ամիս հետո: 2015 թվականի հունվարի 1-ից աշխատելու նպատակով ոչ վիզային երկրներից Ռուսաստան ժամանողները պետք է ստանան աշխատանքի արտոնագիր:
Բացի այդ, նրանք պետք է պարտադիր հանձնեն ռուսերենի, Ռուսաստանի պատմության ու ռուսական օրենսդրության իմացության թեստ: Հունվարի 10-ից էլ ուժի մեջ է մտնում այն օրենքը, որը 10 տարով արգելում է միգրացիոն ռեժիմը խախտածների մուտքը Ռուսաստան: Ավելի վաղ նման դեպքերում Ռուսաստան մուտք գործելն արգելվել է 3 տարով: