Փոթիում կկառուցվի նավթավերամշակման գործարան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը պլանավորում է նավթավերամշակման գործարան կառուցել ոչ թե Սուփսայում, այլ՝ Փոթիում: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Կումսիշվիլին՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Սուփսայում պլանավորված է ստեղծել էներգետիկ հանգույց, այդ թվում նաև նավթավերամշակման գործարան
Կումսիշվիլին մանրամասնել է, որ նավթավերամշակման գործարանը կառուցվելու է Փոթիի մոտ գտնվող Նաբադի կղզում, և ներկա դրությամբ այդ նախագծի իրագործման շուրջ բանակցություններ են տարվում ներդրողների հետ: Նա հավելել է, որ նավթավերամշակման նոր գործարանի հզորությունը կազմելու է տարեկան առնվազն երկու միլիոն տոննա, իսկ գործարարնն իր առաջին արտադրանքը կտա 2019 թվականի սկզբին:
Կումսիշվիլին ընդգծել է, որ նոր գործարանի կառուցումը կստեղծի նոր աշխատատեղեր, իսկ տնտեսության մեջ կներդրվեն օտար ներդրումներ: Նա հավելել է, որ Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նավթավերամշակման գործարանի նախագծի հանդեպ: