2014 թվականին ծառայության ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի 100 աշխատակից. Բան Կի Մուն
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում իրենց գործառույթները կատարելիս զոհվել են ՄԱԿ-ի 100 խաղաղապահներ ու հումանիտար աշխատակիցներ:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. «Նրանցից ոմանք ենթարկվել են կանխամտածված հարձակման, մյուսները զոհվել են քաղաքացիական անձանց պաշտպանելիս: Մնացյալը դարձել են դժբախտ պատահարների կամ բնական աղետների զոհեր: Նրանք բոլորն էլ զոհվել են իրենց պարտքը բարդ ու վտանգավոր պայմաններում կատարելիս»:
Բան Կի Մունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները լայն գործունեություն են իրականացրել աշխարհի այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Սոմալին, Հարաբային Սուդանը, Իրաքը, Սիրիան, Մալին, ԿԱՀ-ը, Ուկրաինան, ինչպես նաև աչքի են ընկել Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի դեմ պայքարի ժամանակ: