Ալի Հասանովը հայտնել է ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի գործընկերության պայմանները

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների պահպանմամբ, որոնք հենված կլինեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա.

«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է իրավահավասար համագործակցության, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա: Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանը բացել է Արևմուտքի առջև, ապահովել է ամերիկյան ու եվրոպական ընկերությունների մասնակցությունը Կասպիցի ածխաջրածինների արդյունահանման ու արտահանման մեջ:

Ադրբեջանը 1994 թվականին միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, մասնակցել է Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին:

Ադրբեջանը՝ որպես մոդեռնիստական մուսուլմանական երկիր, սերտորեն համագործակցել է Արևմուտքի հետ, անդամակցել է Եվրոպայի Խորհրդին, միացել է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին:

Սակայն վերջին տարիներին ԱՄՆ-ի մի շարք շրջանակներ և հատկապես մի շարք ՀԿ-ներ, առանձին փորձագետներ սև փիար են իրականացնում Ադրբեջանի դեմ, ինչը հակասում է գործընկերության սկզբունքներին:

Ի հավելումն դրա, ԱՄՆ պետդեպարտամենտի մի շարք պաշտոնյաները հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք մոլորեցնում են ադրբեջանական հասարակությանը, վնաս են պատճառում երկու երկրների հարաբերություններին:

Իլհամ Ալիևը ցանկանում է, որ բոլորը հարագանքով վերաբերեն իր երկրի կամքին ու իր քաղաքականությանը: Ադրբեջանը նման վերաբերմունք ակնկալում է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, ինչպես նաև Իրանից ու Թուրքիայից, հարևան ու գործընկեր մյուս երկրներից:

Նրանք, ովքեր ցանկանում են Ադրբեջանը տեսնել իրենց արբանյակի կամ ամրակետի դերում, պետք է հրաժարվեն դրանից»: Հասանովը հերքել է այն, թե միմյանց հետ կապ ունեն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը և դրանից հինգ օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը:

Հասանովի խոսքերով՝ այդ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող այժմեական հարցեր: Հասանովը նաև հերքել է այն, որ Ադրբեջանը ռազմավարական ընտրություն է կատարել Ռուսաստանի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս