Բաժիններ՝

Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) պատգամավորների ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ընթացիկ տարվա մարտին ու ապրիլին: Այս մասին երեկ հայտնել է Եգիպտոսի ԿԸՀ-ը:

Վերջինիս նախագահ Այման Աբբասը հայտարարել է, որ առաջին փուլն անցկացվելու է մարտի 22-23-ին, և որ դրա ժամանակ քվեարկելու են երկրի 13 նահանգների, այդ թվում նաև Ալեքսանդրիայի ու այսպես կոչված Մեծ Կահիրեի մեջ մտնող Գիզայի բնակիչները:

Արտասահմանաբնակ եգիպտացիների համար ընտրություններն անցկացվելու են մարտի 21-22-ին: Կրկնական քվեարկության անհրաժեշտության դեպքում դա տեղի կունենա մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Մնացյալ 13 նահանգներում, այդ թվում նաև Կահիրեում ու անհանգիստ Հյուսիսային Սինայում, ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-27-ին, իսկ արտասահմանում՝ ապրիլի 25-26-ին: Անհրաժեշտության դեպքում կրկնական քվեարկություն կանցկացվի մայիսի 5-7-ին: Աբբասի խոսքերով՝ ընտրական գործընթացին հետևելու է մոտ 16.000 դատավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս