Charlie Hebdo-ի հաջորդ համարի տպաքանակը կկազմի մեկ միլիոն օրինակ
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ` Charlie Hebdo շաբաթաթերթի հաջորդ համարը կտպագրվի մեկ միլիոն օրինակ տպաքանակով: Սովորաբար ծաղրանկարներով լեցուն թերթի տպաքանակը մինչև հարձակումը կազմել է 60.000 օրինակ:
Ակնկալվում է, որ Charlie Hebdo-ի հերթական համարը վաճառքում կհայտնվի հաջորդ չորեքշաբթի: Այս մասին հայտարարել է փաստաբան Ռիչարդ Մալկան: Նրա խոսքերով` հաջորդ համարը բաղկացած կլինի 8 էջից և ոչ թե 16 էջից, ինչպես որ այն տպագրվում էր ավելի վաղ:
Պարբերականին օգնելու են Canal+-ն ու Le Monde-ը: Համարի պատրաստմանը մասնակցելու են նաև Liberation-ի լրագրողները: Հունվարի 7-ին իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել են Charlie Hebdo-ի 4 ծաղրանկարիչները:
Charlie Hebdo-ն հայտնի դարձավ 2006 թվականի սկանդալային իրադարձություններից հետո, երբ նա նույնպես տպագրեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ավելի վաղ հրատարակվել էին դանիական Jyllands-Posten պարբերականում:
Charlie Hebdo-ի վրա հարձակումն իրականացվել է «Ալլահ Աքբար» և «Մենք վրեժխնդիր եղանք մարգարեի համար» արտահայտություններով: Վերջին տվյալներով` հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում նաև մի քանի ոստիկան: Եվս 11 մարդ վիրավորվել է: