Ֆրանսիայի արևելքում պայթյուն է գրանցվել, իսկ Փարիզում կրակոցներ են հնչել
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Փարիզի ծայրամասում կրակոցներ են հնչել, որոնց հեղինակին հաջողվել է փախուստի դիմել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրան ձերբակալել են:
Հաղորդվել էր նաև, որ կրակոցների հետևանքով տուժել է երկու մարդ` ոստիկան ու ճանապարհային ծառայության աշխատակից, որոնք երկուսն էլ գտնվում են չափազանց ծանր վիճակում:
Ֆրանսիական ոստիկանությունը դեռ կապ չի տեսնում Փարիզի ծայրամասում հնչած կրակոցների ու Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա իրականացված հարձակման միջև, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի արևելքում ընկած Վիլֆրանշ սյուր-Սոն քաղաքի մզկիթի մոտ գտնվող ռեստորանում պայթյուն է գրանցվել: Վերջին տվյալներով տուժածներ չկան: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: