
Ադրբեջանում գործնականում չի մնացել ազատ մամուլ. Ավազ Զեյնալի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «Խուրալ» թերթի խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Ավազ Զեյնալին հայտարարել է, որ Ադրբեջանում գործնականում չի մնացել ազատ մամուլ: Ավազ Զեյնալին կալանավորվել է երեք տարի առաջ և բանտում անցկացրել է 1158 օր:
Նա, համեմատելով իր կալանավորվելուց առաջ ու ազատվելուց հետո (ներկայումս) տիրող իրավիճակները, հայտարարել է. «Մամուլի ազատություն գոյություն չունի: Հաշվետու ժամանակահատվածում մենք ականատես ենք դարձել առանձին խմբագիրների ոչնչացմանն ու նրանց քաղաքականացմանը:
Ազատազրկման ժամանակ ես չեմ ընդունել որևէ մեկի պայմանները և գլուխ չեմ խոնարհել որևէ մեկի առջև: Ես դեռ չեմ որոշել, թե ինչ եմ անելու: Այդ մասին պետք է լրջորեն մտածել»:
Երբ Զեյնալիին հարցրել են, թե ինչու է այցելել Հեյդար Ալիևի ու նրա կնոջ գերեզման, Զեյնալին պատասխանել է, որ նախկինում էլ դա արել է բազմիցս` հավելելով, որ այցելել է նաև պետական ու հասարակական այլ գործիչների գերեզմաններ. «Ես երբևէ չեմ խոնարհվել որևէ մեկի գերեզմանի առջև: Ադրբեջանում չկա որևէ հուշարձան, որի առջև ես կխոնարհվեի»: