Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավոր է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ:

Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պարատագին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հետ:
Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ծիսակատարության ավարտին Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսը նորօծյալ խաչքավոր Սեյրան Օհանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:

Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:

Տեսանյութեր

Լրահոս