
«Աջ սեկտորը» հրաժարվել է ենթարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ուկրաինական «Աջ սեկտոր» արմատական կազմակերպության անդամները հրաժարվել են անցնել երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո: Այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը:
Նրա խոսքերով` խմբավորման անդամներին առաջարկվել է «լիակատար օրինականացման» սխեմա: Մասնավորապես, առաջարկվել է պայմանագրային հենքով պարտադիր զինծառայություն, սակայն «Աջ սեկտորը» հրաժարվել է դրանից:
Բիրյուկովը հայտարարել է. «Զինված ուժերն առաջին հերթին կարգապահություն, կագուկանոն են, ենթակայության, հրամանատարական համակարգ են: Իսկ երբ հայրենասիրական ստորաբաժանումը ցանկանում է լինել օրինական, սակայն դրա հետ մեկտեղ ինքնավար և չենթարկվի որևէ մեկին, ապա դա գիտական երևակայության ոլորտից է»:
«Աջ սեկտորը» ուկրաինական ազգայնական-արմատական կուսակցություն է, որի առաջնորդը Դմիտրի Յարոշն է, ով մեծ հանրաճանաչություն ստացավ «Եվրամայդանի» ժամանակ: