
Սաֆար Աբիևը հերքել է Չեխիայի քաղաքացիություն ստանալու մասին տեղեկությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը հերքել է շրջանառվող այն լուրերը, որ նա ստացել է Չեխիայի քաղաքացիություն: Նրան մոտ կանգնած նախկին նախարարներից մեկը հայտարարել է, որ նման պնդումները կատարելապես անհիմն են:
Նա հավելել է, որ ներկա դրությամբ Սաֆար Աբիևը բուժում է ստանում արտասահմանում և շուտով կվերադառնա Ադրբեջան: Ադրբեջանում Չեխիայի դեսպանատունը նույնպես չի հաստատել, որ Սաֆար Աբիևը ստացել է այդ երկրի քաղաքացիություն:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, հայտարարել է, որ Սաֆար Աբիևը 2014 թվականի մարտին հեռացվել է զինված ուժերի շարքերից: Սրանից առաջ սոցցանցերում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Սաֆար Աբիևը ստացել է Չեխիայի քաղաքացիություն:
Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է հանդիսացել 1995-2013 թվականներին: