Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետ են ընտրելու

Հունվարի 18-ին Ճարտարում կկայանան քաղաքային համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Այս կապակցությամբ նախօրեին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվել է առաջիկա ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, առաջադրման և ինքնառաջադրման ժամկետ է սահմանվել դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ անդորրագրերի վճարման կամ լիազոր մարմնից համապատասխան տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները պետք է փորձեն կազմակերպչական աշխատանքները իրականացնել նախքան տոնական օրերը, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 31-ը:

Թեկնածուների նախընտրական քարոզչությունը կսկսվի հունվարի 7-ից և կշարունակվի մինչև հունվարի 16-ը: Ճարտարի համայնքում ընտրողների թիվը 3056 է, սակայն հնարավոր է, որ այն որոշակի փոփոխությունների ենթարկվի, քանի որ վերջնական ճշտումներ են կատարվում։

Նշենք, որ ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվել է նաև Մարտունու շրջանի Գիշու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հարցը, որը ևս տեղի կունենա հունվարի 18-ին։

Ի դեպ, 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ընտրական նոր օրենսգիրքը, սակայն ընտրությունները անց են կացվելու գործող օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Տեսանյութեր

Լրահոս