Գնեք մեկ հաց և ստացեք 1 կգ միս կամ ձուկ
ՀՀ կառավարությունը ներշնչված է ՀՀ քաղաքացիներին առողջ տեսնելու ցանկությամբ: Ընդ որում, ով չի ցանկանում առողջ լինել սիրելի կառավարության առաջարկած տարբերակով, ստիպված կլինի առողջ լինել իր կամքին հակառակ, օրենքո՛վ: Ահա, արդեն շրջանառության է իջեցվել օրենքի նոր նախագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին»: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում սակավարյունության խնդիր ունեն նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսը, վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը, հղիների 39 տոկոսը:
Իսկ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սակավարյունության 90 տոկոսի պատճառը երկաթի անբավարարությունն է: Մեկ այլ հետազոտության արդյունքով՝ ֆոլաթթվի անբավարարության պատճառով Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնական արատով:
Առողջապահության նախարարությունում նաև նկատել են, որ բնակչությունը միկրոտարրերի և վիտամինների պակաս ունի: Այլ կերպ ասած՝ բնակչությունը չի ստանում անհրաժեշտ չափով միրգ, բանջարեղեն, ձավարեղեն, միս, ձուկ և այլն:
Մսից և ձկնեղենից, բանջարեղենից, մրգից ստիպված իրենց և իրենց զավակներին զրկած մարդիկ՝ հացից, ինչպես իրավացիորեն վստահ են կառավարությունում, իրենց զրկել չեն կարող: Եվ մի հրաշալի գաղափար է հասունացել՝ հացի մեջ լցնել այն վիտամիններն ու հավելումները, որոնք կան մսի, ձկան, բանջարեղենի, մրգերի մեջ: Այսպիսով՝ աղքատության, այս դեպքում՝ թշվառության մեջ գտնվող մարդկանց լիարժեք սննդի հարցը լուծվում է: Խանութից գնում են միայն սպիտակ, անուշաբույր հաց, տնտեսում են գումարը, իսկ ստանում են այն վիտամինները, որոնք կառավարության անդամները նախընտրում են ընդունել խորտիկներով լցված ճոխ սեղանի շուրջ: Եվ այսպես, համաձայն վերոնշյալ օրենքի նախագծի՝ ցորենի ալյուրը պետք է հարստացվի վիտամինների ու հավելանյութերի գեղեցիկ մի փնջով՝ վիտամինահանքանյութային հավելումներով՝ վիտամիններ, հանքային նյութեր, մետաղներ, ամինաթթուներ, ճարպային թթուներ (այսուհետ՝ պրեմիքսներ):
«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի հոդված 4-ի 1-ին կետի համաձայն՝ օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվում է պրեմիքսներով:
Բացեք երկաթի մասին տեղեկատվություն պարունակող բժշկական ցանկացած հոդված: Գրված է. «Մինչ օրս գոյություն չունի երկաթի դեֆիցիտի դեմ դեղամիջոց: Լատենտային երկաթի դեֆիցիտի դեպքում կարող է օգնել միայն երկաթ պարունակող մթերքով կանոնավոր սնունդը: Տավարի, խոզի, այդ թվում և՝ ձկան և հավի միսը, պարունակում են երկաթի՝ ավելի հեշտ յուրացվող տարատեսակի՝ հեմոերկաթի համեմատաբար բարձր տոկոս»: Բայց կառավարությունում լուրջ, մտածող մարդիկ են և ոչ թե շառլատաններ. ձուկ և հորթի փափուկ միս առաջարկել չեն կարող:
Բայց քիմիական հավելանյութերով պատրաստ են լրացնել շատերի սննդակարգի այդ փոքրիկ բացը:
Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ 20 տարիների ընթացքում մեր խանութներում վաճառվող հացը բնականից դարձավ բացարձակապես արհեստական: «Այս օրենքի անհրաժեշտությունը պայմանավորում են բնակչության առողջությամբ, բայց ինքս անձամբ այդ խնդիրը միայն հացի հետ չէի կապի. կոնսերվանտներ, էմուլգատորներ կան մթերքի բոլոր տեսակներում՝ միս, կաթնամթերք:
Ցորենը պարունակում է և՛ ֆոլաթթու, և՛ երկաթ, բայց ալրաղացման 2-րդ պրոցեսի ընթացքում, երբ ալյուրը մաղում են և տեսակավորում, երկաթի ու ֆոլաթթվի մեծ մասը թեփի հետ դուրս է գալիս: Որքան մանր է մաղվում ալյուրը, այնքան նրա մեջ պակասում է երկաթն ու ֆոլաթթուն: Սպիտակ, բարձր տեսակի ալյուրի մեջ գրեթե 5 անգամ նշված էլեմենտները պակաս են: Թեփում պարունակվող երկաթն ու ֆոլաթթուն, վիտամինները, որ ալյուրից մաղել էին, հիմա ցանկանում են վերադարձնել:
Այսինքն՝ ցանկանում են ալյուրին վերադարձնել իր նախնական օգտակարությունը: Այն երկաթը, որը պետք է ավելացնեն ալյուրի մեջ, այն երկաթը չէ, որն ի սկզբանե կար ալյուրի մեջ, այլ քիմիական հավելանյութ է, որը կոչվում է երկաթի ֆումարատ: Այսօր հացաթխման մեջ արդեն իսկ բազմաթիվ հավելանյութեր են օգտագործվում, որոնք ապահովում են հացի արտաքին տեսքը, անգամ բույրը՝ E-երի մի մեծ փունջ: Ըստ մասնագիտական հաշվարկների՝ տարվա մեջ մենք հացի հետ ընդունում ենք կես կգ այս թույնից: Պատկերացնում եք, չէ՞, հետևանքները»:
Ի դեպ, Չինաստանը, Ճապոնիան, Դանիան, Ռուսաստանը, Նորվեգիան, էլի շատ երկրներ հրաժարվել են ալյուրի հարստացման գաղափարից: Ըստ զրուցակցիս՝ «Պարզ է, սա էլ գրանտային ծրագիր է, սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ն է զբաղվում: Մի քանի կոպեկի համար մտնում են ծրագիր, գրանտ ստանում: Կառավարությունը բացարձակ չի հետաքրքրվում մասնագետների կարծիքով, ու որոշ մարդկանց ագահության պատճառով ստիպված ենք ազգովի վճարել մեր առողջությամբ»:
Ալեքսանդր Սելիմյանը վստահ է, որ ԱԺ լսումների ժամանակ հաշվի կառնեն մասնագիտական կարծիքները: Նրան նման լավատեսության մղում է այն միտքը, որ պատգամավորներն էլ են մարդիկ, նրանք էլ են հաց ուտում: Չես վիճի, այս տեսակետն էլ լինելու իրավունք ունի, սակայն ուրեմն օրինաչափությունը պետք է տարածվի նաև կառավարության անդամների վրա. այնտեղ էլ, ըստ նույն տրամաբանության, մարդիկ են, որոնք ատկատներից, պետական բյուջեից բացի՝ նաև հաց են ուտում: Սակայն, միևնույն է, ցանկանում են օրենքի ուժ տալ ալյուրը քիմիական հավելանյութերով հարստացնելու այս նախագծին: Եվ ի՞նչ է պարզվում: «Մենք մի շատ փոքրիկ արտադրություն ունենք,- պատմում է պարոն Սելիմյանը: -Բացառապես բնական հաց ենք թխում: Հավատացեք, այդտեղից հաց է գնում կառավարության անդամների երևի թե 80 տոկոսը: Այսինքն՝ նրանք ևս նախընտրում են բնական հացը»:
Օրենքի այս նախագծում հատուկ տողով նշված է, որ այն գրելիս՝ բացառել են կոռուպցիոն ռիսկերը. ամեն ինչ լինելու է այնքան պարզ և հասկանալի, ինչպես, դիցուք, պատգամավոր Առաքել Մովսիսյանի խոսքը: Սակայն, եթե կառավարությունն իրո՛ք մտահոգ է բնակչության առողջությամբ, և ցորենի ալյուրի հարստացումը քիմիական հավելանյութերով ինչ-որ մեկի բիզնես ծրագիրը չէ, այդ դեպքում ինչո՞ւ սոցիալական գովազդներով մարդկանց չբացատրել բնական, երկրորդ կարգի ալյուրով թխված հացի առավելությունները, բնական հացի բարերար ազդեցությունն առողջության վրա: Այդ դեպքում նման երկիմաստ ու կասկածելի օրենքների անհրաժեշտությունը չի լինի: Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի հաշվարկել նաև, թե մարդկանց առողջության, նյարդային համակարգի վրա ինչպես են անդրադառնում կառավարության նմանատիպ ձեռնարկները: Կառավարության նման նախագծերի և այդ նախագծերին օրենքի ուժ տվող ԱԺ-ի բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա այնքան մեծ է, որ հնարավոր չէ չեզոքացնել և ոչ մի քիմիական հավելանյութերով: Թեև չի բացառվում, որ այս դեպքում ևս օգնի հատկապես երկաթը: Բայց արդեն՝ առանց ֆոլաթթվի…