Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մանկապարտեզի երեխաներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց  Երևանի «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոց:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:

Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի և հիվանդների առողջական վիճակի մասին:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարևորեց, որ  առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին և նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել  հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:

Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է  բավարար:  Նկատվում է լավացման դրական դինամիկա:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս