Ռայներ Մորելի. «Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը»
«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,- 168.am-ին ասել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել:
Նա համաձայնել է, որ ՀՀ-ի համար Աբխազական երկաթուղու բացումը կարևորվում է հատկապես ԵՏՄ անդամների հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքից ելնելով. «Երկաթուղու վերագործարկումը կթեթևացնի տրանսպորտային հաղորդակցությունը, բեռների փոխադրումը: Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը և միասին աշխատելուն, եթե դա հնարավոր է: Ես հասկանում եմ, որ Վրաստանն այդ առումով խնդիր ունի այս իրավիճակում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: