Ուկրաինան իսկապես կարող է 2020 թվականին հավակնել ԵՄ-ին անդամակցելուն. եվրահանձնակատար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան կարող է ԵՄ-ին ինտեգրվել ուժեղ ու մրցունակ տնտեսություն ստեղծելու ճանապարհով, որը կինտեգրվի եվրոպական միասնական տնտեսական տիրույթին:
Այս մասին Կիևում բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը.
«Ռուսաստանում անկում են ապրում տնտեսական ցուցանիշները, իսկ ԵՄ-ում աճելու են դրանք: Ակնհայտ է, թե որ ուղղությամբ պետք է շարժվի Ուկրաինան: Մենք ցանկանում ենք տեսնել բարգավաճող հարևան, որի հետ կարելի է կառուցել տնտեսական համագործակցություն»:
Հահնի խոսքերով՝ իրատեսական է, որ Ուկրաինան անհրաժեշտ բարեփոխումների անցկացման շնորհիվ 2020 թվականին ստանա ԵՄ-ին անդամակցելու հեռանկար: Հահնը հիշեցրել է, որ այդ ժամկետը (2020 թվական) հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչն իր կարծիքով՝ բավական իրատեսական է, և Ուկրաինան 2020 թվականին կարող է հավակնել ԵՄ-ին անդամակցելուն: