Բաժիններ՝

Նախախորհրդարան. Ռեժիմը ստիպված եղավ դիմել քրեական բնույթի ուժային գործողությունների

Այս օրերին ռեժիմն աննախադեպ հարձակումներ է գործում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման վրա: Նոյեմբերի 26-ին և 27-ին հրկիզվել են Շարժման ծրագրերի մասին իրազեկող ավտոերթերին մասնակցած Հիմնադիր խորհրդարանի թեկնածուների և Շարժման աջակիցների ավտոմեքենաները, իսկ նոյեմբերի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ նրան գլխի շրջանում մարմնական վնասվածք պատճառելու  միջոցով: Բարեբախտաբար՝ Գևորգ Սաֆարյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Ուժային մեթոդներով Շարժումը ճնշելու գործելակերպին անցնելը միանգամայն հասկանալի և բացատրելի է: Ռեժիմը նախկինում կարողանում էր տեղեկատվական շրջափակման միջոցով ժողովրդին հեռու պահել Շարժման ծրագրից և գաղափարներից ու դրա շնորհիվ մոլորեցնել նրան, մինչդեռ ավտոերթերի միջոցով մեզ արդեն հաջողվում է ճեղքել տեղեկատվական պատնեշը:

Այդ պատճառով ռեժիմը ստիպված եղավ դիմել իրեն բնորոշ քրեական բնույթի
ուժային գործողությունների: Առաջին ավտոերթից հետո ոստիկանները բռնություն կիրառեցին զինյալ ազատագրական պայքարի ժամանակ տեսողությունը և մի ձեռքը կորցրած, նախկինում ԱՍԱԼԱ-ի գաղափարախոսական թևի պատասխանատու, ներկայումս՝ Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, որից հետո նրան թողեցին փողոցի բանուկ մասում՝ կյանքի համար վտանգավոր իրավիճակում:

Այդ քայլը Շարժման մասնակիցներին հղված յուրօրինակ ուղերձ էր, որ եթե Ալեք Ենիգոմշյանի նման վաստակ և հեղինակություն ունեցող մարդու հետ կարող են այդպես վարվել, ապա մյուսները ոչնչով ապահովագրված չեն:

Իսկ երբ պարզ դարձավ, որ այդ քայլն ազդեցություն չգործեց, ռեժիմը դիմեց Շարժման մասնակիցների ավտոմեքենաները հրկիզելու և նրանց նկատմամբ արդեն կյանքին սպառնացող ֆիզիկական բռնություն գործադրելու գործողությունների:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն այս օրերին բազմիցս նշել է և մեկ անգամ ևս հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է: Շարժումը շարունակելու է իրազեկման ավտոերթերը և ժողովրդին համախմբելու քայլերը: Հաջորդ ավտոերթը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Ապարանի ենթաշրջանում, իսկ դեկտեմբերի 20-ին ավտոերթը ուղևորվելու է Արցախ:

Միևնույն ժամանակ՝ Շարժումը, այդ թվում՝ իրազեկման ավտոերթերը, արդյունավետ կերպով շարունակելու համար անհրաժեշտ է անձնական և նյութական մասնակցություն, համախմբում և փոխօգնություն: Այս գործոնն ապահովելու նպատակով «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք՝ ռեժիմի ոտնձգություններից տուժածներին անհրաժեշտ նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Ուստի մեր հայրենակիցներին կոչ ենք անում օժանդակել այդ հիմնադրամին:«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր հաստատակամությունը, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ոտքի է հանելու մեր ժողովրդին և նրա կամքի պարտադրման գործողություններով հեռացնելու է սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին:

Մենք ենք տերը մեր երկրի:

 Նախախորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս