«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գորձընթացը իրավական տեսակետից հիմնավոր է»

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գորձընթացը իրավական տեսակետից հիմնավոր է։

«Ըստ Սահմանադրության, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Ըստ Հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:

Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

Ըստ Քրեական օրենսգրքի՝ իշխանությունը զավթելը` Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալն է։ Այն հանդիսանում է ծանր հանցագործություն և պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։

Հայտնի է, ԵՏՄ-ին միանալու որոշումը Սերժ Սարգսյանը ընդունել է միանձնյա։ Այդ փաստը հաստատված է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից Պրահայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այսպիսով կա հիմք մեղադրել Սերժ Սարգսյանին իշխանության յուրացման մեջ. նա տիրացել է կառավարության հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքին, որովհետև միանձնյա ընդունել է որոշում, որը վերաբերվում է պետական կյանքի կարեվորագույն հարցին, առանց այդ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը կառավարության հետ քննարկելու»,- գտնում է Ա. Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս