ԱՄՆ-ում վրա է հասել «սև ուրբաթը»
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում վրա է հասել «սև ուրբաթը». միլիոնավոր մարդիկ շտապում են խանութներ՝ խոշոր զեղչերից օգտվելու համար: ԱՄՆ-ում հենց «սև ուրբաթից» է մեկնարկում ամանորյա վաճառքի սեզոնը: Խանութներն իրենց դռները բացում են կեսգիշերին կամ էլ անգամ ավելի վաղ:
Այդ ընթացքում արդեն նրանց մոտ հավաքված են լինում մեծ քանակությամբ մարդիկ, որոնք չեն ցանկանում կորցնել իրերը չափազանց ցածր գնով գնելու հնարավորությունը: Ժամանակին ողջ երկրում խանութները փակվում էին Գոհաբանության տոնի ժամանակ, որը նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի, որպեսզի մարդիկ իրենց ընտանիքների հետ հավաքվեն տոնական սեղանի շուրջ:
Սակայն ժամանակները փոխվել են, և հանրախանութները, ներկայումս ձգտելով առաջ անցնել իրենց մրցակիցներից, սկսում են ապրանքների վաճառքը կազմակերպել գնալով ավելի ու ավելի շուտ: Օրինակ, աշխարհի խոշորագույն խանութներից Macy’s-ն այս անգամ իր դռները բացել է երեկոյան ժամը 18.00-ին ու աշխատելու է ողջ գիշեր: Առևտրի կենտրոնների մոտ գոյացել են նաև ավտոմեքենաների խցանումներ:
Կանխատեսվում է, որ այս տարի ԱՄՆ-ում «սև ուրբաթի» ու դրան հաջորդող հանգստյան օրերի ընթացքում խանութներ կայցելեն ավելի քան 140 միլիոն ամերիկացիներ: Միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրը պլանավորում է այս օրերին գնումների վրա ծախսել մոտ 300 դոլար:
Ուշագրավ է, որ արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի խանութներում վերստին կլինեն խոշոր հերթեր: Սակայն այս անգամ մարդիկ հանրախանութներ են գալու ոչ թե գնումների հետևից, այլ՝ գնված կամ նվեր ստացած իրերը հանձնելու ու փոխանակելու համար:
Ամերիկյան խանութում շատ հեշտ է վերադարձնել կամ փոխանակել գնումը: Դրա համար չի պահանջվում որևէ բացատրություն: Պարզապես բավական է ասել, որ իրը դուր չի գալիս ձեզ: Միակ պայմանն այն է, որ պետք է լինի նրա հաստատումը, որ տվյալ իրը գնվել է հենց տվյալ խանութից: