«Պետական համակարգում արդեն զգացվում է զգոնության առկայություն». ՎՊ նախագահ
Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության և արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային համաժողով, որը նախաձեռնել են ՀՀ վերահսկիչ պալատը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը:
«Անկախությունն ու արդյունավետությունը իսկապես հռչակված արժեքներ են, և մենք ձգտելու ենք դրանք կատարել: Սակայն որևէ բարեփոխում չի կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է ընթանա երկրում իրականացվող մյուս բարեփոխումների համատեքստում»,- ասաց Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ըստ նրա՝ անցած տարիներին ՎՊ-ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը և պետական համակարգում արդեն զգացվում է զգոնության առկայություն: Ի.Զաքարյանի խոսքով՝ չկա ոլորտ որտեղ ՎՊ-ն վերահսկում իրականացրած չլինի: Նա նշեց, որ այսուհետ ՎՊ աշխատանքներն ուղղված են լինելու պետական միջոցների ծախսման արդյունավետությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: ՎՊ նախագահը նշեց, որ ամենաբարձր մակարդակում իսկ առկա է երկխոսություն, մեր երկիրն ինքն է խոսում խնդիրների մասին և չկա ոլորտ, որտեղ բարելավման հստակ քաղաքականություն չիրականացվի:
«Վերահսկիչ պալատը պատժիչ ձեռք չէ,- նկատեց Ի.Զաքարյանն ու հավելեց,- Վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան: Ազդեցիկ է այն վերահսկողությունը, որը նպաստում է ոլորտի բարելավմանը: Նախկինի ռեվիզիոն մեթոդները մնացել են անցյալում: ՎՊ-ն այսօր աշխատում է Ինտոսայի սկզբունքներով»:
Նա նշեց, որ ՎՊ-ն համագործակցում է բազմաթիվ երկրների ՎՊ-ների, Համաշխարհային բանկի, Սիգմա ծրագրի և տարբեր միջազգային կառույցների հետ: Ի.Զաքարյանի խոսքով՝ ներդրվում են նոր ենթակառուցվածքներ, աշխատակիցները վերապատարստվում են նոր ուղղություններով:
«Ներկա փուլում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է լավագույնս օգտագործել ՎՊ-ի բարեփոխումների համար»,- ասաց Ի.Զաքարյանը:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքով՝ աուդիտի բարեփոխումները գերագույն կարևորություն ունեն ԵՄ համար. «Մեզ անհրաժեշտ է ուժեղ ՎՊ: Պետական շղթայի կատարելագործումը հույժ կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզի արդարադատության, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում բարեփոխումները շարունակվեն: Կարիք կա արագացնել բարեփոխումները՝ ՀՀ նախաձեռնած այլ հռչակագրերին համահունչ»: Տ.Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ՎՊ-ին և հայաստանյան կառույցներին երկարաժամկետ հատվածում, սակայն անհրաժեշտ է շարունակել գնալ բարեփոխումների ուղիով:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ Գերմանիան աջակցում է հանրային ֆինանսների բարեփոխումներին, որը զարգացման անքակտելի նախադրյալ է:
«Հանրային ֆինանսների կառավարումը բարեխիղճ կառավարման դրսևորումներից է»,- ասաց դեսպանը:
Համաժողովի նպատակն է քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի (որպես անկախ աուդիտորական բարձրագույն մարմնի) դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում, այնպես էլ այդ համակարգի դերակատարների և միջազգային հանրության հետ համատեղ` խելամիտ կառավարման սկզբունքների խթանման գործընթացում, ներկայացնել և քննարկել կատարողական աուդիտի հայեցակարգն ու սկզբունքները և միջազգային փորձը այս բարեփոխման մարտահրավերների և օգուտների առումով, ձևավորել ՀՀ վերահսկիչ պալատի բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային և միջազգային գործընկերների պրոֆեսիոնալ ցանց: Մասնակիցներն են ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի» և այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառուցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ: