Լավրովը հնարավոր չի համարում մոտ ժամանակներս Սիրիայի հարցով «Ժնև 3» միջազգային կոնֆերանս գումարելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ մոտ ժամանակները չկա հնարավորություն՝ Սիրիայի հարցի կարգավորման վերաբերյալ միջնորդների միջազգային նոր կոնֆերանս («Ժնև 3») անցկացնելու համար:
Լավրովն այդ մասին հայտարարել է Սոչիում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո. «Եթե հուսով եք, որ կհայտարարվի այնպիսի կոնֆերանս, ինչպիսին որ անցկացվեց այս տարվա հունվարին՝ ավելի քան 50 երկրի, հազար լրագրողի մասնակցությամբ, ապա այն տեղի չի ունենա»
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսն այս տարեսկզբին անցկացվել է երկու փուլով. առաջին փուլն անցկացվել է հունվարի 24-31-ին, իսկ երկրորդ փուլը՝ փետրվարի 10-15-ին:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի նման օգնելու է Սիրիային ու մյուս երկրներին, որոնք զբաղված են «Իսլամական պետության» դեմ պայքարով՝ պահպանելու համար անվտանգության անհրաժեշտ մակարդակը: Լավրովի խոսքերով՝ Սիրիայի ու Մերձավոր Արևելքի անկայունության հիմնական գործոնը մասնավորապես ահաբեկչության ու ծայրահեղականության սպառնալիքն է:
Լավրովը հիշեցրել է, որ «Իսլամական պետության» սև դրոշներն արդեն իսկ ծածանվում են նաև Լիբանանում, Լիբիայում ու Եգիպտոսում և համոզվածություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում աճող այդ սպառնալիքի դեմ պայքարն առաջնահերթ առաջադրանք է միջազգային հանրության համար: