«Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի կարող սկսել, որովհետև հանդիսանում է British petroleum-ի գաղութը». Լարիսա Ալավերդյան
ՀՀ Մարդու Իրավունքների (ՄԻ) առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները դեպքի վայրից տարհանելու մասին՝ ասաց, որ դա պատասխան չէր ադրբեջանական կողմին.
«Մարմինների վերադարձը իրենց ընտանիքներին և քրիստոնեական ու ազգային նորմերով հողին հանձնելը պետության պարտականությունն էր: Տվյալ դեպքում Հայաստանի մասին է խոսքը: Ու քանի որ Հայաստանն անթաքույց ձևով համագործակցում է թե՛ ԼՂՀ կառավարության, թե՛ բանակի հետ և անթաքույց անցկացվել է միասնական զորավարժություն, ապա ճիշտ էր, որ հենց Արցախի կողմն իրականացրեց այդ հատուկ գործողությունը: Իսկ ինչ վերաբերում է պատասխանին, ապա չեմ կարծում, որ պետք է շտապել: Պատասխանը պետք է լինի համարժեք՝ հավասարակշռված և արժանապատիվ ձևով»,-ասաց նա:
Լ. Ալավերդյանը դեմ է այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանին պատշաճ պատասխան հարված հասցնելուն.
«Բանակն այն մարմինը չէ, որ դրսից ավելի խելացի բաներ առաջարկենք: Բանակում վերին աստիճանի ունակ մարդիկ են ընդգրկված, որոնք լավ գիտեն, թե երբ ու ինչպես է պետք գործել: Ես համոզված եմ, որ ոչ մի անհավասարակշիռ կամ «պահի տակ» որոշում չի ընդունվելու»,-նկատեց նա:
Ի պատասխան այն կարծիքների, թե ուղղաթիռի օդաչուներին չպետք է այդպես հերոսացնել, որ նրանք ուղղակի սխալ հաշվարկի արդյունքում են զոհվել և ոչ մի խիզախություն այդտեղ չկա, Լարիսա Ալավերդյանն ասաց.
«Ուղղակի խիզախություն էր բարձրանալ օդ այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարում է՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է: Ես կցանկանայի, որ նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, մեկ շաբաթ գնային ու ապրեին այդ գծի վրա: Եվ այդ դեպքում իրենց համար պարզ կլինի՝ որն է խիզախությունը»:
Լրագրողների հարցին՝ Ադրբեջանը կարո՞ղ է լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, նա պատասխանեց.
«Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի կարող սկսել, որովհետև հանդիսանում է «British petroleum»-ի գաղութը: Կարող եմ վկայակոչել դեսպանի՝ տիկին Լիչի (Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի,-Ռ.Մ.) խոսքերը, որ այո՛, Մեծ Բրիտանիան այնտեղ շահեր ունի: Շատ լավ է, որ տիկին Լիչը 1918թ.-ի գեներալ Թոմսոնը չէ, բայց որ Մեծ Բրիտանիայի շահերը մնացել են նույնը այս տարածաշրջանում ու նա թույլ չի տա, որ իր մեկ խողովակը կամ խողովակի մի մասն անգամ վտանգվի, դա հաստատ է: Դրա համար Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան այդպես «խուժանական» քայլերով իր՝ որևէ բանի ունակ չլինելն արտահայտելը»,-պարզաբանեց նա:
Իսկ այն հարցին, թե կփոխվի՞ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի՝ ԵՏՄ-ը անդամակցելուց հետո, նա պատասխանեց, որ Ադրբեջանն անկանխատեսելի է՝ այդ առումով.
«Ալիևն այլևս չի կարող խաղաղության կոչեր անել: Նա խայտառակ ձևով հակառակվում է հոր վարած քաղաքականությանը: Հոր ժամանակ հասարակության կապը եղել է շատ սերտ, իսկ հիմա շարունակվում է ռասիզմ՝ առանց սահմանների: Դրա համար, քաղաքականության մեջ որևէ դրական փոփոխություն չպետք է սպասենք: Ալիևի քաղաքականության մեջ ինքնուրույնության աստիճանը զրո է: Նա ամբողջովին կախյալ վիճակում է ու ինքնուրույն չի կարող գործել»: