Աշոտ Ղուլյանը ուղղաթիռի խոցումը ցինիզմի դրսեւորում է համարում
ԼՂՀ Աժ նիստն այսօր սկսվել է լռության րոպեով: Պատգամավորները հարգել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը:
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը Ադրբեջանի այդ քայլը դիտարկում է նրա 2014 թվականին որդեգրած քաղաքականության ենթատեքստում:
Արցախի խորհրդարանի նախագահի խոսքով՝ դա լկտի եւ սադրիչ գործողություն էր, որ սկիզբ է առել հունվարին, գագաթնակետին հասել ամռանը եւ ցինիզմի դրսեւորում ստացել նոյեմբերին:
ԼՂՀ խորհրդարանի անունից Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա այն խորհրդարանականներին եւ միջազգային կառույցներին, որ իրենց մտահոգությունն են հայտնել միջադեպի կապակցությամբ եւ պաշտպանության բանակի այն զինվորներին, որ փայլուն ռազմագործողությամբ կարողացել են դուրս բերել զոհված օդաչուների մասունքները: