Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի և արժանի վաստակի մասին:
Ստեղծվելով բարդ ու դժվարին պայմաններում` դատախազությունը կարողացավ կայանալ և դառնալ լիարժեք կառույց: Տասնամյակներ անց ծնունդ առած մեր ազգային-ազատագրական շարժումը բեկում մտցրեց նաև դատախազության աշխատանքում` առաջադրելով միանգամայն նոր պահանջներ ու խնդիրներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները, և բացառություն չէին նաև մեր անկախ պետականության կերտման տարիները, որոնք պահանջում էին գերլարված, արհեստավարժ ու համակարգված աշխատանք: Եվ այն, որ այսօր ունենք ժողովրդավարական, իրավական, կայուն ու զարգացող պետություն` նաև ձեր համակարգի անգնահատելի դերակատարության շնորհիվ է:
Դուք` դատախազության աշխատակիցներդ, իրականացնում եք չափազանց կարևոր ու պատասխանատու ծառայություն` ուղղված մեր պետության ու հասարակության շահերի պաշտպանությանը, հանրապետությունում օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը: Վստահ եղեք, որ իշխանությունները միշտ ձեր կողքին են և կշարունակեն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության առջև ծառացած խնդիրները և հնարավորինս աջակցել ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»: