Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի տեքստը գործնականում պատրաստ է. Փաշինյան
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է:
Սրբագրման և խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը իր նախորդ գրառումներից մեկում հույս էր հայտնել, որ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար՝ շեշտելով, որ ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը ավելին է, քան 44-ը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը ողջունել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս երեկ հանդես է եկել ՀՀ քաղաքական ուժերին ուղղված կոչ -պահանջով: