Բաժիններ՝

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը շարունակում է կառուցվել թերություններով

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի երթևեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ Ու չնայած անցած տարիներին Վերահսկիչ պալատի կողմից ավտոմայրուղու շինարարության թերությունների բացահայտմանը և դրա շուրջ բարձրացած աղմուկին, ներկայումս ևս աշխատանքներում թերություններն ակնբախ են: Այսօր արդեն ճանապարհը խորդուբորդ է, փոսերն ու անհարթություններն այնքան հաճախակի են, որ ակամա մտածում ես՝ ինչո՞ւ այդքան գումար ծախսվեց, ինչո՞ւ ասֆալտը քանդեցին ու բետոնապատեցին, չէ՞ որ վարորդների համար տարբերություն չկա՝ երթևեկել փոսերով առատ ասֆալտի՞, թե՞ բետոնի վրայով: Թերությունները չեն վրիպել անգամ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աչքից, ով շինտարածք վերջին այցելության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին ու հանձնարարել շտկել թերությունները։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը168.am-ի հետ զրույցում նշեց, որ բացի Երևան-Արտաշատից, թերություններով է կառուցված նաև Երևան-Աշտարակ հատվածը, իսկ հիմա էլ Գյումրիում են աշխատանքներն սկսել. «Ես պարբերաբար մոնիթորինգ եմ իրականացնում, ճանապարհի մի մասը պատրաստ չի: Երկկողմանի 4 ուղիներով ճանապարհ պետք է լինի, մի կողմն է միայն պատրաստված: Մեկ ամիս առաջ ԱԶԲ տնօրինության հետ մեր վերջին հանդիպման ժամանակ իրենք պնդում էին, որ ՀՀ կառավարությանը միայն 60 մլն դոլար է տրվել, ավելին չի տրվել, բայց մի նոնսենս կա. ասում են՝ պարտադիր չի, որ գործը սկսեն, եթե հաջորդ տրանշի համար ամբողջ փաստաթղթերը ցույց տան, ապա փողը կփոխանցեն, իսկ հետո թե այդ ճանապարհի հետ ինչ կլինի, կարևոր չի: Ասում են՝ երրորդ տրանշն էլ կտան, եթե փաստաթղթերը ներկայացնեն: Իսկ տրանսպորտի նախարարությունը պնդում է, թեր բանկի 540 մլնը և կառավարության 400 մլնը չի բավականացնում ճանապարհը կառուցելու համար, ու արդեն փող չկա: Իսկ ԱԶԲ-ն ասում է, թե գումարն ամբողջությամբ չի տվել: Հիմա ո՞նց հասկանանք: Իմ այս  հարցին ես պատասխան չստացա: Տրանսպորտի նախարարության հետ պիտի հանդիպեի, բայց հանդիպումը տեղափոխեցին ու այլևս չզանգեցին»:

Ըստ Ս.Ադամյանի՝ 2009 թ-ից տեխնիկայի պարապուրդ կա, որի համար ՀՀ կառավարությունը տուգանք է վճարում. «Այս ընթացքում 300 հազար դոլար արդեն տուգանվել են ժամանակացույցը խախտելու համար: Իմ ցանկությունն այն է, որ հասկանանք՝ այդ ճանապարհն, ի վերջո, կկառուցվի՞, թե՞ ոչ: Այդ ճանապարհը մեզ պետք է, իսկ այսօրվա դրությամբ՝ առավել ևս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս