
Չավուշօղլուն զգուշացրել է ԱՄՆ-ին` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայի հաջորդ տարվա բյուջեի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումների ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:
Չավուշօղլուն պատգամավորներին հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և դրա հետ կապված` իրենք շարունակում են ջանքեր գործադրել` խափանելու համար ԱՄՆ Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչման օգտին որոշում ընդունելը:
Չավուշօղլուի խոսքերով` տվյալ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են լոբբիստները, որոնք իրենց գործողությունները համակարգում են նաև մյուս նախարարությունների հետ:
Անդրադառնալով Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» գրքին` Չավուշօղլուն հայտարարել է, որ «վստահաբար կարելի է պնդել, թե իրենց քաղաքականությունը ոչ պանիսլամիստական է, ոչ էլ` իմպերիալիստական»:
Չավուշօղլուն ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն Անկարայում քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը: Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի հայտնվելը կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք ցանկանում են պահպանել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները: