Սեյրան Օհանյան. Մեր զոհված ընկերները և նաև մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից
«Ընդամենը 5 օր առաջ, երբ Եռաբլուրի սրբազան բարձունքում ամփոփում էինք Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, կարծում եմ՝ պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին, և խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին: Նոյեմբերի լույս 22-ի գիժերը դարձավ այդ հաստատակամության ևս մեկ առհավատչյան»,- այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում մահացած օդաչուների հուղարկավորության արարողությունից առաջ:
Նա շնորհակալություն հայտնեց իրականացված հատուկ գործողության մասնակիցներին, այն մշակողներին ու իրականցմանն օժանդակողներին. «Այդ նրանք էին, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումների արդյունքներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը և մինչդիրքային ծառայությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, օդաչուներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելը Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի՝ բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն էր:
«Այս առումով 2014թ. դժվարին տարի եղավ և՛ Հայաստանի, և՛ հայկական բանակի համար: Հունվարի 20-ի լույս գիշերը Բաքուն Մարտակերտի պաշտպանական դիրքերում անփառունակ ջախջախման դատապարտեց իր հատուկ նշանակության էլիտար ստորևաբաժանումը: Ապա հակառակորդը Քարվաճառ ուղարկեց ոհմակով 16-ամյա պատանի հոշոտող քսու մարդասպանների, ովքեր Ստեփանակերտի դատարանում այսօր մեկը մյուսին մեղադրելով, այսօր փորձում են սեփական մորթը փրկել:
Իսկ հետո ականաջալուր չեղավ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից Ծիծեռնակաբերդի բարձրունքում հնչած նախազգուշացմանը, թե դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք՝ զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը:
Հակառակորդը չհասկացավ ու փորձեց դիպուկահարների պատերզամը տեղափոխել դիվերսիոն դաշտ և մի քանի օր անց դառը դաս ստացավ, երբ հայկական բանակի ստորաբաժանումներն ընդամենը մեկ գիշերում նրան ու հայ ժողովրդի բոլոր չարակամներին բացատրեցին շփման գծում ուժերի իրականանա հարաբերակցությունը, իսկ մենք գտանք մեր 8 նորօրյա հերոսներին, ովքեր թույլ չտվեցին, որ թշնամու ոտքը մտնի մեր խրամատներ:
Չանցած 5 ամիս՝ Բաքվում սադրանք նախապատրաստեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող Միասնություն 2014 օպերատիվ մարտավարական զորախաղերի ժամանակ: Իրականության հետ հաշտվելու և այն սթափ վերլուծելու փոխարեն՝ հակառակորդը լարվածությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն՝ դարանից խոցելով զորավարժարանում առանց սպառազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը, ապա 10 օր շարունակ իրեն բնորոշ հակամարդկային գործելակերպով ամեն կերպ խոչընդոտեց զոհված օդաչուների աճյունների վերադարձին:
Մինչև դիվանագետների գծելիք ճանապարհը հարթեցին ու անցան հայկական բանակի զինվորները, այն զինվոներները, ովքեր հասկացան իրենց գերագույն գլխավոր հրամանատրի պատգամը, թե թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաև մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն և դուք եք երաշխավորն այդ իրավունքների»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր զոհված ընկերները և նաև այսօրվա մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: