Նիկոլ Փաշինյանը որոշել է թեստավորել եռյակի՝ իշխանափոխություն իրականացնելու անկեղծությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը որոշել է թեստավորել խորհրդարանական եռյակի` իշխանափոխություն իրականացնելու մասին արվող հայտարարությունների անկեղծությունը:

Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու հարցով խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրել: «Ես պատրաստում եմ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին ԱԺ նախագիծ, և բոլոր ցանկացողները կարող են միանալ այդ նախագծին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն, և, քանի որ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները ունեն 55-ին մոտ քվեներ, ըստ Փաշինյանի` 44 ստորագրություն հավաքելը պետք է որ խնդիր չառաջացնի: Այն հարցին, թե արդյոք այդ նախագիծը թեստ է եռյակի համար, Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, որ այն Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է, և ինքը կփորձի մինչև շաբաթվա վերջ պատրաստել այդ նախագիծը: «Կփորձեմ հաջորդ քառօրյա նիստում այն ներկայացնել քննարկման»,- ասել է պատգամավորը:

Այն, որ Փաշինյանը գիտի, որ չի կարողանալու 44 ստորագրություն հավաքել, կասկածից վեր է: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանը գրեթե ոչ մի շփում չունի ԲՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Լինելով ՀԱԿ խմբակցության անդամ, նա չի մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին և ոչ միայն` քաղաքական, այլ նույնիսկ անձնային մակարդակով շփում չունի ՀԱԿ խմբակցության անդամներից շատերի հետ. այսինքն՝ չի կարող մոտենալ նրանց և առաջարկել միանալ իր նախաձեռնությանը:

Կարդացեք նաև

Գրեթե նույնը կարելի է ասել ԲՀԿ խմբակցության անդամների հետ հարաբերությունների մասին: Արժե հիշել ընդամենը 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի միջև տեղի ունեցած հեռակա երկխոսությունը, երբ Փաշինյանը բյուջեի քննարկման ժամանակ՝ խոսելով եռյակի կողմից բյուջեին ուղղված քննադատության մասին, հայտարարեց.

«ԲՀԿ խմբակցության անդամները հայտարարում են`դե, գիտեք ինչ, այս կառավարությունը շատ ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից: Կներեք, այդ ես էի նստած նախորդ կառավարության բերած օրինագծերը շուտ-շուտ անցկացնում: Այդ ես չէի, վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր»: Սրան ի պատասխան` Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ինչ-որ մեկի առաջադրանքը կատարելու մեջ: «Ես չեմ գտնում ճիշտ, որ դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել, կամ էլ ձեր առաջ են դրել առաջադրանք, որպեսզի կարողանաք հարվածել և փոշիացնել միջավայրը»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Միքայել Մելքումյանը:

Այս փոխադարձ մեղադրանքները վկայում են, որ Փաշինյանի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործակցություն, ըստ էության, բացառվում է:

Բացի նրանից, որ Փաշինյանը` հայտարարելուց բացի, չի կարող մոտենալ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամ պատգամավորներին և առաջարկել միանալ այս նախաձեռնությանը, ԲՀԿ-ական պատգամավորներն էլ չեն կարող ստորագրել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ: Չեն կարող, որովհետև երբևէ չի եղել մի դեպք, որ որևէ ԲՀԿ-ական խոսի Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:

Իհարկե, որոշ ԲՀԿ-ականներ արտասանել են «իշխանափոխություն» բառը, բայց դա ոչ մի կերպ չեն կապել Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ: Իսկ այն բացատրությունը, որ դրանք փոխկապակցված են՝ առանց հրաժարականի կամ պաշտոնանկության չի կարող լինել իշխանափոխություն, այնքան էլ այդպես չէ, քանի որ ԲՀԿ-ի պատկերացրած իշխանափոխությունը կարող է լինել նաև 2018թ., երբ Սարգսյանն ավարտի նախագահական լիազորությունների իր ժամկետը:

Այսպիսով, Փաշինյանի իրական նպատակը ոչ թե համագործակցությունն է ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ՝ հանուն իմպիչմենտի, այլ ընդհակառակը այդ հարցում եռյակի շահագրգռվածության բացակայության բացահայտումը:

Փաշինյանն իր նախաձեռնությամբ ուզում է ցույց տալ, որ եռյակի ներկայացուցիչները ոչ մի իշխանափոխություն էլ չեն ցանկանում, որովհետև, եթե նրանք նման ցանկություն ունենային, ապա անպայման կմիանային Սերժ Սարգսյանի պաշտոնանկության` իր նախաձեռնությանը: Երբ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն մերժեն ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ, Փաշինյանը դեկտեմբերի 1-ի խորհրդարանի նիստում կհայտարարի, որ իր այս նախաձեռնությունն իրականում ցույց տվեց, որ ԲՀԿ-ի և ընդհանրապես եռյակի ծրագրերի մեջ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը չի մտնում, և նրանք ընդամենը զբաղված են հասարակությանը զբաղեցնելով և ընդդիմադիր դաշտում իրենց ունեցած մոնոպոլ դիրքը պահպանելով:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր այս նախաձեռնությամբ ցույց տալ, որ եռյակը և նրա հիմնական ուժ հանդիսացող ԲՀԿ-ն կեղծ ընդդիմադիր է, և, որ ԲՀԿ-ն չի պայքարում հանուն իշխանափոխության: Դժվար թե, քանի որ եռյակի ներկայացուցիչները նույն ձևով կշարունակեն հայտարարել, որ իրենք ունեն իշխանափոխության իրենց ճանապարհային քարտեզը, և այդ նպատակին հասնելու համար չեն սպասում, որ որևէ մեկը կողքից ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գա, որպեսզի որոշեն` միանա՞լ դրան, թե՞ ոչ:
Ամենևին բացառված չէ, որ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեն, թե այս նախաձեռնությունը ևս ինչ-որ առաջադրանք է, որ նպատակը եռյակի կողմից սկսած իշխանափոխության գործը վիժեցնելն է: Օրինակ, նրանք կարող են ասել, որ իրենք գիտեն՝ եթե անգամ 44 ստորագրություն հավաքեն և արտահերթ նստաշրջան հրավիրեն, միևնույն է, այն չի կայանա, քանի որ ՀՀԿ-ականներն ունենալով մեծամասնություն` կվիժեցնեն արտահերթ նստաշրջանի գումարումը` չգրանցվելու և քվորում չստեղծելու միջոցով, ինչպես որ արել են արդեն մի քանի անգամ:

Հ.Գ. Միակ պատգամավորը, որ կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, թերևս, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն է: ՀԱԿ խմբակցության անդամները ներքուստ գուցե ցանկանային ստորագրել Փաշինյանի նախաձեռնության տակ, բայց նրանք դա չեն անի, քանի որ դրանով ավելի վատ վիճակի մեջ կդնեն ԲՀԿ-ին: Իր չմիանալն այդ նախաձեռնությանը` «հանուն եռյակում համերաշխության», ամենայն հավանականությամբ, կպայմանավորի նաև «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս