«Ադրբեջանական կողմը պետք է սպասի ևս մեկ անակնկալի»

Հայերն ուժեղ են պատերազմի ժամանակ, բայց թույլ են խաղաղության մեջ, այդ պատճառով Ադրբեջանը չի գնում Հայաստանի դեմ պատերազմի` որդեգրելով Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն «արնաքամ անելու» քաղաքականություն:

Երեկվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը:
Նա բարձր է գնահատում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին` հայկական ուղղաթիռի անկման վայրում, ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի գործողությունը, որի շնորհիվ, վերջիվերջո, տարհանվեցին երեք հայ սպաների մարմինները, սակայն դա չի համարում համարժեք պատասխան Ադրբեջանին:

«Համարժեք պատասխանին դեռ պիտի սպասենք»,- ասաց նա:

Ara PapyanԱյս համատեքստում նա ավելացրեց, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ հայկական երկու ուղղաթիռներն անզեն վիճակում են թռչել ռազմաճակատային գծի երկայնքով:

Կարդացեք նաև

Արա Պապյանը մեծ պատերազմ չի կանխատեսում Լեռնային Ղարաբաղում և առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր չի դրել ռազմականապես ջախջախել Հայաստանին: Դրա պատճառը նախևառաջ` այն է, որ Ադրբեջանը չի կարող այդ խնդիրը լուծել. «Ադրբեջանն արդեն վաղուց` մի քանի տարի ի վեր, իրականացնում է Հայաստանին արնաքամ անելու քաղաքականություն, այսինքն` կաթիլ առ կաթիլ տնտեսական, ռազմական ծանր վիճակով հանգեցնել նրան, որ արտագաղթը, հիասթափությունը շարունակվի: Երկրորդը, Ադրբեջանն իր առջև խնդիր չի դրել լուծել Ղարաբաղի հարցը, դրել է Հայաստանի պետականության գոյության կամ չգոյության հարցը: Ցավոք սրտի, ի սկզբանե այդպես էլ եղել է»:

Բացի այդ, պատերազմ չի լինի նաև այն պատճառով, որ արևմտյան գերտերությունները, քաղաքագետի խոսքով, տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման կողմնակից են, քանի որ ներդրումներ են արել Ադրբեջանից դեպի Եվրոպա իրականացվող էներգետիկ ծրագրերում, իսկ պատերազմը կոչնչացնի այդ ամենը:

«Որ կողմն էլ հաղթի` հայկական թե ադրբեջանական, պարտվողը ներդրողներն են լինելու` «Բրիթիշ փեթրոլիումը», այն ընկերությունները, որոնք ներդրումներ են արել նավթամուղերի, գազամուղերի կառուցման մեջ: Օրինակ, ինչո՞ւ իրենք ուղղաթիռի հարցում չոր ձևով չեն դատապարտում Ադրբեջանին, որովհետև իրենք շարունակելու են աշխատել նաև Ադրբեջանի հետ: Մեզ իրենք կշարունակեն օգնել. Եվրամիությունն ինչ-որ փողեր է խոստանում, բայց, ցավոք սրտի, դա չի լինի այն ծավալի և մեծության, որը կկարողանա Հայաստանին դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Դրա համար էլ Ադրբեջանն այժմ սպասողական քաղաքականություն է որդեգրել` պահելով լարվածությունը և շրջափակելով Հայաստանը, որովհետև հայերն ուժեղ են պատերազմի ժամանակ, հայերը թույլ են խաղաղության մեջ»,- ասաց Արա Պապյանը:

Larisa0Ադրբեջանի այս քաղաքականությունը «168 Ժամի» հետ զրույցում գնահատեց նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով Բաքվի գործողություններն անվանում է «հուսահատ քայլեր»: Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հակամարտության գոտում վերջին զարգացումները կարող են, ի վերջո, հանգեցնել լայնածավալ պատերազմի:

«Ադրբեջանի նախագահն ավելի ու ավելի է համոզվում, որ ինքն ունակ չէ պատերազմ սկսել, և իրեն թույլ էլ չեն տալու,- ասում է Լարիսա Ալավերդյանը,- այդ իսկ պատճառով Ադրբեջանը հանդես է գալիս, այսպես ասած, խոցող գործողություններով` փորձելով խուճապ և վախ տարածել Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԼՂՀ զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունը, որի հետևանքով ադրբեջանական կողմն առնվազն երկու զոհ տվեց, կարելի՞ է համարել հայկական կողմի պատասխանը, մեր զրուցակիցն ասաց, որ դա ոչ թե պատասխան էր, այլ պարտավորություն: «Պետությունն իրականացրել է իր պարտավորությունը: Ինչ վերաբերում է պատասխանին, իմ կարծիքով` դա կլինի շատ ավելի ուշ: Ես պարզապես չեմ կասկածում: Ես այն անձանցից եմ, ով մտածում, հետո է պատասխանում: Ճիշտ ժամանակն է, որ մենք վստահենք պետությանը, թե երբ և ինչպես այդ պատասխանը պետք է տրվի, լինի դա մեր բանակը թե կառավարության այլ մարմին: Իսկ այն, որ իշխանության մյուս մարմինները, այն է` Ազգային ժողովը, պետք է կարողանա վերջապես նախաձեռնողականությամբ հանդես գալ, կասկած չունեմ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Արա Պապյանն էլ, թեև պատերազմ չի կանխատեսում, բայց միաժամանակ կարծում է, որ փոքր «պատերազմներից»` սահմանային բախումներից, այնուամենայնիվ, հնարավոր չէ խուսափել, որովհետև Ադրբեջանը շարունակում է սպառազինվել: «Եթե որևէ մեկը մտածում էր, որ Ադրբեջանը Ռուսաստանից «Սմերչ» է գնում հրավառության համար, սխալվում էր»,- նկատեց նա:

Արա Պապյանի խոսքով` հայկական կողմը պետք է օգտագործի այն գործոններն Ադրբեջանի դեմ, ինչը վերջինս չի կարող օգտագործել մեր դեմ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ բազմազգ Ադրբեջանի իշխանությունը, ինչպես հայտնի է, բռնաճնշումների քաղաքականություն է վարում երկրում ապրող ոչ թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ, օրինակ` Հայաստան և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին ծառայության են ուղարկվում հենց այդ ազգերի կամ կրոնական խմբերի` թալիշների, լեզգիների, ավարների, թաթերի և այլոց ներկայացուցիչները, հետևաբար, Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի ներքին թուլությունները` աշխատելով Ադրբեջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետ:

Stepan-Safaryan-02-370x251Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով` հայկական կողմը, հատուկ նշանակության գործողություն իրականացնելով ուղղաթիռի անկման վայրում, ի կատար է ածել Մինսկի խմբի հայտարարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 20-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում կոչ էին արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները, և հայտնել էին իրենց խորը մտահոգությունը, որ ադրբեջանական կողմը չի ստեղծել մարդասիրական միջանցք` ուղղաթիռի անկման վայր այցելելու համար: Սաֆարյանի խոսքով` ադրբեջանական կողմը հենց այս հայտարարությունն է անտեսել:

«Կարծում եմ` սա ընդամենը կարող է համարվել ոչ այնքան հայկական կողմի խոստացված գործողությունը, որքան պարզապես տղաների դիակները վերցնելու խնդիրը լուծելը: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն պետք է սպասի ևս մեկ անակնկալի: Իսկ այն, որ գործողությունն իսկապես փայլուն է իրականացվել և լավ մշակված է եղել, դրանում, կարծում եմ, կասկած չկա` հաշվի առնելով այն, որ հայկական կողմը որևէ զոհ չի տվել»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս