Էրդողանն ու Բայդենը պայմանավորվածության չեն եկել Սիրիայի շուրջ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգստյան օրերին Ստամբուլում վարած չորսժամյա բանակցությունների ժամանակ չեն կարողացել պայմանավորվածության գալ Սիրիական ճգնաժամի շուրջ: Իր եռօրյա թուրքական այցի ընթացքում Բայդենը նախորդ շաբաթվա վերջին բանակցել է Էրդողանի հետ, որոնց գլխավոր թեման հանդիսացել է Իրաքում ու Սիրիայում տիրող իրավիճակը:
Թուրքական դիվանագիտական աղբյուրը թերթին հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ կոալիցիայի լիիրավ անդամ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կիրառի «համալիր ռազմավարություն», որն ուղղված կլինի ոչ միայն «Իսլամական պետության», այլև՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու դեմ:
Աղբյուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր հերթին հրաժարվում է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկից: Արդյունքում, Բայդենը Վաշինգտոնը է վերադարձել՝ Թուրքիայից չստանալով երկրի հարավում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազան օգտագործելու թույլտվությունը, որն անհրաժեշտ է «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Աղբյուրի խոսքերով՝ Թուրքիան ԱՄՆ-ի ու կոալիցիայի մյուս անդամների հետ կշարունակի համագործակցել «տակտիկական մակարդակում»: Խոսքը գնում է Թուրքիայի տարածքով Սիրիա օտար զինյալների անցմանը հակազդելու, հետախուզական տվյալների փոխանակման ու սահմանների անվտանգության մասին: Թուրքիան պարտավորվել է զբաղվել Իրաքի բանակի ու Փեշմերգայի (Իրաքի քրդերի զորամիավորում) ռազմական ուսուցմամբ: