«Շահ Դենիզ 2» նախագիծն էլ ավելի կամրապնդի Վրաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքերը. Գարիբաշվիլի
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փոթիում բացվել է «Շահ Դենիզ 2» գազատարի տրանսպորտային տերմինալը: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: Տերմինալի հանդիսավոր բացման արարողակարգին ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Վերջինս հայտարարել է. «Տերմինալը «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում կապահովի խողովակների ու այլ սարքավորումների փոխադրումը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանով ու Վրաստանով անցնող Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար»:
Իր ելույթում Գարիբաշվիլին անդրադարձել է նաև «Շահ Դենիզ 2» նախագծի կարևորությանը. «Դա ամենաբարդ ու համալիր էներգետիկ նախագծերից մեկն է, որն էլ ավելի կամրապնդի Վրաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքերը»:
«Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում գազի արդյունահանումը պլանավորաված է սկսել 2018 թվականին: Նույն թվականին ակնկալվում է սկսել գազի մատակարարումները Թուրքիային, իսկ եվրոպական շուկա ադրբեջանական գազը կհասնի 2019 թվականին: Ողջ նախագծի արժեքը կազմում է 28 միլիարդ դոլար: