«Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանին հասցվեց երկրորդ ապտակը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Պատերազմի վերսկսման հնարավորությունը միշտ բարձր է եղել: Համոզված եմ, որ եթե հայկական կողմը դիմեր շտապողականության՝ ուղղաթիռի դեպքի հետ կապված, ապա դա կարող էր դառնալ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պատճառ: Բայց կարծում եմ, որ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Բաքուն և ո՛չ էլ Ստեփանակերտը լայնամասշտաբ պատերազմ վերսկսելու ցանկություն չունեն: Ուղղակի Ադրբեջանում սխալ հաշվարկներ ունեն և կարծում են, որ հայկական կողմը զիջումների կգնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործեց այն հանգամանքը, որ ուղղաթիռի խոցման օրը պաշտոնական այցով Բաքու էր ժամանելու Իրանի նախագահ Ռուհանին.

«Նրանք փորձեցին շեղել հասարակությանը ներքին այն գործընթացներից, որոնք օրեցօր ավելի մեծ թափ են ստանում: Նաև փորձեցին այս գործողությամբ արևմտյան հանրությանը ցույց տալ, որ տարածաշրջանում շատ ավելի լուրջ խնդիրներ կարող են լինել և փորձեցին նրանց հասկացնել, որ դադարեցնեն քննադատությունը Ադրբեջանի հանդեպ՝ հասկացնելով նաև, որ իբր Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղություն պահպանողներից մեկն է»,-պարզաբանեց նա:

Նա հորդորեց հանրությանը՝ չպահանջել ամեն ինչ շատ արագ անել, որովհետև լավագույն պատասխանը լավ մշակված պատասխանն է և վերջին գործողությունը դրա ապացույցն էր.

«Ադրբեջանն այսօր հետողականորեն հերքում է այն փաստը, որ մերոնց հաջողվել է դուրս բերել ուղղաթիռի զոհերին: Նրանք հասկանում են, որ դա լուրջ հարված է իրենց բանակի և նաև քաղաքական հեղինակությանը, որովհետև քաղաքական հայտարարություն եղավ՝ աճյունները կհանձնվեն, երբ Ադրբեջանը համարի, որ դրա անհրաժեշտությունը կա, իսկ եթե չհամարի, ուրեմն՝ չեն հանձնի:

Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանին հասցվեց երկրորդ ապտակը: Առաջինն այն էր, որ խոսք էր գնում, թե Արցախի օդային տարածքը փակ է, և երկրորդ՝ նրանց հայտարարություններին ի պատասխան՝ գնացինք և վերցրինք այն, ինչ մեզ պետք էր: Եվ բնականաբար այս պահին իրենց ողջ քարոզչամեքենան ուղղված է՝ հերքելու այդ գործողությունը: Բայց այն, որ ադրբեջանի հասարակությունը հավատում է հայկական կաղմին, փաստ է, և դա կարելի է հստակ տեսնել սոցիալական ցանցերի քննարկումից»,- նշեց նա:

Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը երկու զոհ ունեցել է նոյեմբերի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, իսկ ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում ադրբեջանի զորքերից ոչնչացվել են 5-7 հոգի:

Տեսանյութեր

Լրահոս