
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջնաժամկետը կարող է երկարաձգվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնելու ժամկետն այսօր մոտենում է իր ավարտին: Վիեննայում ընթացող բանակցությունների մասին տարբեր աղբյուրներից ստացվել են իրարամերժ տեղեկություններ ու կանխատեսումներ:
Դրանցում խոսք է գնացել ինչպես բանակցություններում ակնկալվող հաջողությունների, այնպես էլ այս (եզրափակիչ) փուլի լիովին ձախողման: Խոսք է գնացել բանակցությունները տարբեր ժամկետներով (մինչև հունվար, մինչև մարտ, մեկ տարով) երկարաձգելու մասին:
Երեկ երեկոյան Վիեննա է մեկնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ակնկալվում է, որ այսօր այնտեղ կժամանի Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Դրանով իսկ Palais Coburg հյուրանոցում կհավաքվեն Իրանի ու «Վեցյակի» երկրների բոլոր արտգործնախարարները:
Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների եզրափակիչ փուլը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա երեկ երեկոյան հայտարարել են, որ կողմերը քննարկում են բանակցությունների երկարաձգման հարցը: