«Միջազգային հանրություն կոչվածը հարգում է ոչ թե անընդհատ լաց ու կոծով հանդես եկողին, այլ շեշտակի, կտրուկ և մի քանի անգամ ավելի դաժան պատասխան տվողին»

Եվս մեկ անգամ հայկական զինված ուժերը՝ թե՛ Արցախի պաշտպանության բանակը, թե՛ ՀՀ բանակը, ցույց տվեցին իրենց պրոֆեսիոնալությունը: 168.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը հատուկ նշանակության գործողության միջոցով վերադարձնելու մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր էր մեզ համար, որովհետև ադրբեջանական կողմն արդեն շուկայական «առուծախի» էր անցել՝ հրապարակայնորեն ԼՂՀ-ին առաջարկելով փոխանակել դիերը «Քարվաճառի ահաբեկիչների հետ»:
Քաղաքագետը կարծում է նաև, որ այս միջադեպը ցույց տվեց, որ ոչ մի միջազգային կառույցի վրա պետք չէ հույս դնել, որովհետև ադրբեջանական կողմն ուղղակիորեն «թքած» է ունեցել և՛ Մինսկի խմբի, և՛ համանախագահների, և՛ նրանց ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի վրա.

«Սա մեզ համար դաս եղավ, որ հայկական կողմերը բացարձակ նույն վերաբերմունքին արժանացնեն այն միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք մեզ զսպվածության կոչերով են դիմում, ազերիների կողմից խախտվող զինադադարներին անընդհատ արձագանքում են լղոզված հայտարարություններով»:

Գ. Համբարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը բացարձակ չի արձագանքում ադրբեջանցիների կողմից գերեվարված Հայաստանի քաղաքացիների վայրենի սպանություններին, նույն լղոզված հայտարարությունն են անում.
«Մենք պետք է վերջապես հասկանանք, որ այդ միջազգային կառույցները, և, ընդհանրապես, միջազգային հանրություն կոչվածը հարգում է ոչ թե անընդհատ լաց ու կոծով հանդես եկող կամ արդարություն պահանջող կողմին, այլ այն կողմին, ով շատ շեշտակի, կտրուկ և մի քանի անգամ ավելի դաժան պատասխան է տալիս նրան, ով վիրավորել է իրեն»:

Քաղաքագետը հույս ունի, որ հայկական կողմը կշարունակի պատասխան տալ ազերիներին՝ խփված ուղղաթիռի համար, որովհետև, ըստ նրա, «սա պատասխանի մի մասն է»:

Թեև դեպքից 10 օր է անցել, բայց քաղաքագետը չի կարծում, որ հայկական կողմի այս գործողությունն ուշացած էր.

«Ես, իհարկե, բանակային չեմ, ես ոչ էլ Ազգային անվտանգության մասնագետ եմ, բայց բոլոր բանիմաց մարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ պետք է ժամանակ, որպեսզի այդ հատուկ նշանակության օպերացիան համապատասխան ջոկատները կազմակերպեն, դա 5 րոպեանոց օպերացիա չէ, որպեսզի այսօր ուղղաթիռն ընկներ, հաջորդ օրը մերոնք այդ ամենը կազմակերպեն, և պետք չէ մոռանալ, որ այդ խոցված ուղղաթիռի տարածքը օրը 24 ժամ ռմբակոծվում էր ազերիական բանակայինների կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս