Մադագասկարում ժանտախտի հետևանքով մահացել է 40 մարդ
Lenta.ru-ի փոխանցմամբ` Մադագասկարում գրանցվել է ժանտախտի բռնկում, որի հետևանքով արդեն իսկ մահացել է 40 մարդ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 31-ին, վարակվածը մահացել է սեպտեմբերի 3-ին:
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 16-ի դրությամբ Մադագասկարում հաստատվել է ժանտախտով վարակվելու 119 դեպք, որոնք բաժին են ընկել երկրի 7 նահանգների 16 շրջաններին: Երկրի մայրաքաղաք Անտանանարիվուում նույնպես գրանցվել է հիվանդանալու երկու դեպք, որոնց մեկն ունեցել է մահաբեր վախճան:
ԱՀԿ-ը կարծում է, որ ներկայումս գոյություն ունի հիվանդության արագ տարածման ռիսկ` կապված քաղաքներում բնակչության մեծ խտության ու առողջապահության համակարգի թուլության հետ: Մադագասկարին այս հարցում օգնություն են ցուցաբերում ԱՀԿ-ն ու Կարմիր խաչը: