Ասանժին թույլատրել են անորոշ ժամկետով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Էկվադորը երկարաձգել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրելը: Այս մասին հայտարարել է լատինամերիկյան այդ երկրի ԱԳՆ-ը: Ասանժը կարող է մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որքան որ լինի դրա կարիքը:
Դրա հետ մեկտեղ Էկվադորի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Շվեդիայի իրավապահ մարմինների հետ: Մասնավորապես, Շվեդիայի ներկայացուցիչները կարող են այցելել Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն` Ասանժից ցուցմունքներ ստանալու համար, կամ էլ դա անել տեսակոնֆերանսի միջոցով:
Նոյեմբերի 20-ին Շվեդիայի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Ասանժին կալանավորելու միջազգային հրամանը` դա փաստարկելով նրանով, որ չափազանց լուրջ են այն հանցանքները, որոնցում նա մեղադրվում է:
WikiLeaks կայքի հիմնադիրը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը գտնվում է 2012 թվականի հունիսի 19-ից: Շվեդիայի իշխանություններն Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ և Լոնդոնից պահանջում են անհապաղ արտահանձնել նրան: