«Վրաստանի շուկայում սպառում չի լինում, իսկ մեր շուկայում այդքան կարտոֆիլ սպառել չենք կարող»
Asparez.am-ը զրույցել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի հետ
-Պարոն Իկիլիկյան, որպես գյուղատնտեսական տարի, ինչպիսի՞ն էր 2014-ը ձեր համայնքի համար:
-2014-ը Ազատանի համար անբարենպաստ տարի էր: Ընթացքում, աշնանացան ցորենը նորմալ ձմեռացման տակից դուրս չեկավ, որովհետեւ ձյան շերտը շատ քիչ էր, խոնավությունը համապատասխան չէր, դրան գումարած՝ երաշտը:
Ամառային սեզոնին էլ, մինչ հացահատիկի բերքահավաքը, գյուղատնտեսությունը տուժեց կարկտահարությունից: Գյուղացիներն հույսները դրել էին կարտոֆիլի, բանջարեղենի ցանքատարածություններից եկամուտ ստանալու վրա, բայց դրանից էլ նրանք եկամուտ չստացան, ցանքատարածություններին վնասեցին տեւական շոգերը (մասնագիտական հարց է, երբ ջերմաստիճանը երկար ժամանակ գերազանցում է 25, 26, 27 աստիճանը՝ պալարագոյացում տեղի չի ունենում), ջրի սակավությունը: Ոռոգման գործընթացը մի կերպ հասցվեց վերջաբանին, բայց, համենայնդեպս, ջրամբարները դատարկ էին: Այսօր էլ, կարծես թե, կարտոֆիլի վաճառքի շուկան ձեւավորվել է, գնային քաղաքականության հետ է կապված, թե սահմանային խնդիր կա՝ հանրապետությունից գրեթե կարտոֆիլ չի տարվում: Այ, այս կարգի գյուղատնտեսական տարի ենք ճաշակել:
-Գյուղատնտեսության զարգացման համար, որպես առաջնային կարեւորություն, ի՞նչ է անհրաժեշտ:
-Գյուղատնտեսության զարգացման համար նոր տեխնիկա է պետք, անհրաժեշտ է նաեւ համալրել հակակարկտային կայաններով: Հակակարկտային համակարգի համար անհրաժեշտ է նաեւ ունենալ ռադիոլոկացիոն համակարգ, որպեսզի կարողանան ժամանակին ու ճիշտ որսալ կարկտաբեր ամպերի շարժը: Այսօր արդեն գերխնդիր է դարձել նաեւ ոռոգման ջուրը: Ոռոգման համակարգը վերանորոգելու խնդիր ունենք նաեւ ու այլ հարցեր եւս կան:
-Պարոն Իկիլիկյան, իսկ ինչպիսի՞ն է դրսից ներկրված կարտոֆիլի սերմացուից ստացված արդյունքը, արդյո՞ք այն արդարացնում է գյուղացիների սպասելիքները:
-Այս տարի սպասված արդյունք գյուղացին չի ստացել: Եթե խոսենք անցած տարիների մասին, ապա շատ տարիներ ենք ունեցել, որ բարձր բերք ենք ստացել: Մոտավորապես, միջին կարգի սպառման շուկա ենք ունեցել, ժողովուրդը կարողացել է իր հարցերը լուծել, բայց տարի է եղել, որ համ բերք չի եղել, համ՝ շուկա, կամ բերք է եղել՝ շուկա չի եղել: Մեզ մոտ իրացման հարցը մշտապես մնում է գերխնդիր:
-Դրսից բերված սերմացուն մատչելի է՞ :
-Եթե խոսքը վերաբերում է Հոլանդիայից ներկրվող սերմացուին, ապա չէի ասի, թե մատչելի է, բայց եթե նորմալ շուկայական հարաբերություն ձեւավորվի՝ ոնց որ թե ձեռք է տալիս ֆերմերներին: Նրանք բերում են, վաճառում ու արտադրում, համ սերմարտադրությամբ, համ՝ ապրանքային կարտոֆիլի արտադրությամբ են զբաղվում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: