Լյուդմիլա Սարգսյանի կոչը՝ քաղաքական ուժերին. Մի կողմ դրեք ամբիցիաները
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ 12 կետերի շուրջ բանակցելու՝ իշխանությունների կողմից արված առաջարկը ոչ իշխանական ուժերի կողմից մերժելը ամենաճիշտ քայլ էր: Նա հիշեցրեց, որ 12 կետերը դեռևս ամռանը ներկայացվել են կառավարությանը, և, ըստ էության, կառավարությունը ոչ մի կետ չկարողացավ լիարժեք կատարել.
«Այդ կետերը շատ կարևոր կետեր էին այս պահի համար և ժողովրդի կողմից պահանջված հարցեր էին, որոնց լուծումն ակնկալվում էր կառավարությունից: Կառավարությունն այդ խնդիրները չլուծեց, և կարծում եմ՝ այստեղ բանակցելու ոչինչ չկա: Կա՛մ կատարում են, կա՛մ չեն կատարում: Տվյալ դեպքում ՝ չեն կատարել, ի՞նչի շուրջ բանակցենք»:
Հարցին՝ ըստ ձեզ՝ կկատարեն որո՞շ կետեր, Լ.Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Այստեղ ամբողջական կատարումը կարող է վիճակ փոխել Հայաստանում և մեր տրամադրությունների մեջ էլ դեպի իշխանությունը: Մեկ-երկու կետով ոչ մի խնդիր չի լուծվում: Առավել ևս՝ այնտեղ կա միշատ կարևոր կետ, դա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու կետն է, որը, կարծես թե, իշխանությունը հակված չէ փոխելու, որովհետև եթե փոխեց, իշխանությունը պահելու խնդիր է ունենալու, որովհետև համամասնական ընտրակարգի անցման դեպքում Հանրապետական կուսակցությունը չի կարող վերահսկել ընտրությունների ընթացքն այնպես, ինչպես մեծամասնականի դեպքում, և, բնականաբար, ընտրակեղծիքների հնարավորությունները փոքրանալու են:
Լ.Սարգսյանը նշեց, որ ոչ ոք չի խանգարում կառավարությանը կատարել այդ կետերը, իսկ իրենց հետ քննարկման կարիք, կարծում է՝ չունեն. «Հստակ ներկայացված են կետերը, ցանկության դեպքում կարող են կատարել և ասել՝ կատարել ենք: Բայց խնդիր այն է, որ փորձում են մեզ անիմաստ, անարդյունավետ բանակցային պրոցեսի մեջ տանել և մարել շարժումը: Խնդիրը դա է»:
Հարցին՝ իշխանության դեպքում հասկանալի է, բայց ընդդիմության ներսում խնդիրներ չկա՞ն, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Իսկ ո՞ւմ մեջ խնդիրներ չկան: Խնդիրները մարտավարական հարցերին են վերաբերվում, որ ամեն մի քաղաքական ուժ իր մոտեցումն ունի շարժման շարունակության մասով: Դա չի նշանակում, որ մեր մեջ խնդիրներ կան: Եվ, վերջիվերջո, չեն կարող խնդիրներ չլինել, որովհետև շատ տարբեր քաղաքական ուժեր են հարթակում կանգնած: Դա խոսում է այն ծայրահեղ վիճակի մասին, որ կա երկրում, դրա համար են այդ քաղաքական ուժերը միավորվել, որովհետև ամենաազդեցիկն են, որովհետև նրանք կարող են հակադրվել Հանրապետական կուսակցությանը: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել իրենց ամբիցիաները և նախևառաջ մտածել երկրի փրկության մասին»: