2014 թվականը կարող է դառնալ վերջին 135 տարվա ամենատաք տարին. ամերիկացի գիտնականներ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները շարունակում են ֆիքսել ջերմաստիճանի նորանոր ռեկորդներ և ակնկալում են, որ ընթացիկ տարին կդառնա ամենատաք տարին օդերևութաբանական դիտարկումների ողջ 135-ամյա պատմության ընթացքում:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի՝ մթնոլորտի ու օվկիանոսի հետազոտման ազգային վարչության նոր հետազոտությունում: Դրանում նշված է, որ հոկտեմբերին մոլորակի վրա միջին ջերմաստիճանը հասել է +14.74 աստիճանի, ինչն ավելի բարձր է, քան՝ երբևէ: Ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել նաև մայիսին, հունիսին, օգոստոսին ու սեպտեմբերին:
Հունվարին, մարտին, ապրիլին ու հուլիսին նույնպես շատ տաք է եղել: Ամերիկացի փորձագետների հաշվարկներով՝ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսները եղել են ամենատաքն օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ ընթացքում միջին ջերմաստիճանը կազմել է +14.78 աստիճան:
Նախորդ տարի մոլորակի վրա միջին ջերմաստիճանը կազմել է +14.52 աստիճան: Արդյունքում, 2013 թվականը ջերմաստիճանի ցուցանիշով հայտնվել է 4-րդ տեղում՝ սկսած 1880 թվականից: