Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի 2020 թվականին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն «Անդրկասպյան» գազատարի ստեղծման հարցում աջակցում է Եվրոպայի ջանքերին՝ ուղղված «Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ աշխատելուն:

Այս մասին Բաքվում կազմակերպված «Նավթագազային շաբաթ-2014» կոնֆերանսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատար Դերեկ Հոգանը:

Նրա խոսքերով՝ եռակողմ համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծել իրավական շրջանակներ՝ ապագայում տվյալ գազատարը կառուցելու համար. «ԱՄՆ-ն աջակցում է այդ նախագծի զարգացման մեջ ներգրավված կողմերին:

Ադրբեջանն արդեն իսկ ցույց է տվել, որ պատրաստ է մասնակցել գլոբալ մասշտաբի գազամատակարարման գործընթացին, ինչի օրինակներ են ծառայում «Շահ Դենիզ 2» նախագծի իրագործումն ու «Հարավային գազային միջանցք» նախագծի զարգացումը: Այդ նոր երթուղին հնարավորություն կտա 2020 թվականի սկզբին Եվրոպային տարեկան ապահովել 10 միլիարդ խորանարդ մետր գազով:

Չնայած նրան, որ դա մեծ ծավալ չէ՝ նշված երթուղին հնարավորություն կստեղծի Ադրբեջանի մյուս գազային հանքավայրերի գազի, իսկ հեռանկարում՝ նաև թուրքմենական գազի մատակարարման համար: Ադրբեջանն ու Կասպյան տարածաշրջանն ունեն մեծ հեռանկարներ»:

Տեսանյութեր

Լրահոս