Ջորջ Սորոսն ԱՄՀ-ին ու ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային հատկացնել հավելյալ 20 միլիարդ եվրո
Գերմանական Cicero պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսն ԱՄՀ-ին ու ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային հատկացնել հավելյալ 20 միլիարդ եվրո.«ԱՄՀ-ն ու ԵՄ-ը պետք է Կիևին աջակցեն հավելյալ 20 միլիարդ եվրոյով, որոնք կուղղվեն ռազմական ծախսերին ու կծածկեն պատերազմի պատճառած վնասները:
Ապագայում Ուկրաինան պահանջելու է նույնքան գումար՝ կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար: ԵՄ-ը պետք է ֆինանսապես օգնի Ուկրաինային, քանի որ ուկրաինացիները պայքարում են նաև Եվրոպայի ազատության համար:
ԵՄ-ը պետք է վերջապես հասկանա, որ Ռուսաստանը հարձակվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ անուղղակիորեն ողջ Եվրոպայի վրա: Այն միլիարդները, որոնցով Արևմուտքը կարող է օգնի Ուկրաինային, շատ փոքր գումար են՝ համեմատած նրա հետ, թե որքան Եվրոպայի համար կարժենա Ռուսաստանի դեմ պատերազմը: Եթե Եվրոպան չօգնի Ուկրաինային, ապա ԵՄ-ը կարող է ընկնել Ռուսաստանի ազդեցության տակ»:
Սորոսը ճիշտ քայլ է համարում Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելը: Նրա խոսքերով՝ գերմանացի ձեռնարկատերերը, որոնք ներկայումս քննադատում են պատժամիջոցների քաղաքականությունը, իրենք են մեղավոր, քանի որ ժամանակին ներդրումներ են արել Ռուսաստանին՝ չնայած առկա ռիսկերին, որ Ռուսաստանը հանդիսացել ու հանդիսանում է ոչ իրավական պետություն, ուր գերակայում է կամայականությունը: